Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում է The Middle East Eye-ը։ Թուրքիան Թուրքմենստանից գազի մատակարարումներ սկսել էր 2025 թվականի մարտից՝ Իրանի ենթակառուցվածքներն օգտագործելու միջոցով տարեկան 1,3 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելու համաձայնագրի շրջանակում։ Թուրքական BOTAŞ գազային ընկերությունն այդ գործարքի շրջանակում ներմուծման լիցենզիա ուներ մինչև 2033 թվականը։ 2025 թվականի հոկտեմբերին Աշխաբադը դադարեցրել էր գազի մատակարարումները՝ այն ժամանակ հայտարարելով, որ երկու երկրների միջև գործում էր կարճաժամկետ պայմանագիր, և որ ծավալների ու գների շուրջ համաձայնության բացակայության պայմաններում հնարավոր չէ գազ վաճառել Անկարային։ Այս տարվա սկզբին Բայրաքթարը հայտարարել էր, որ Իրանի տարածքով Թուրքմենստանից գազի ներկրումը կվերսկսվի, սակայն այդ ծրագրերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Այժմ նա բացահայտել է, որ իրական պատճառը փետրվարին սկսված ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն է եղել։ «Մենք դադարեցրել ենք մատակարարումները, քանի որ այս հարցում այս կամ այն կերպ ներգրավված էր OFAC-ը (ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը)»,- ասել է նա։ «Թեև մենք որևէ վճարում չէինք կատարում Իրանին, այնուամենայնիվ, Իրանի և ԱՄՆ-ի միջև իրավիճակը սրվել է»,-հավելել է նա։ Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան ունի «Տրանսատոլիական գազատարի» (TANAP) չօգտագործված թողունակություն և կարող է հեշտությամբ կրկնապատկել դեպի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։ Նա նշել է, որ Ադրբեջանի գազի պաշարներն աստիճանաբար սպառվում են, իսկ Թուրքմենստանի «առատ» գազային պաշարները կարող են դառնալ կենսունակ այլընտրանք՝ ինչպես եվրոպացի գործընկերների, այնպես էլ թուրքական շուկայի պահանջարկը բավարարելու համար։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքային խնդիրները, այդ թվում՝ Կասպից ծովում բացառիկ տնտեսական գոտիների շուրջ վեճը, դժվարացնում են Թուրքմենստանն ու Ադրբեջանը միացնող գազատարի կառուցումը։ Թուրքիայի՝ Իրանի հետ կնքած գազային պայմանագրերի ժամկետը լրանում է նոյեմբերին, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք Անկարան պատրաստ է երկարաձգել դրանք։ Այս տարվա սկզբին Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի են խստացվել՝ ստիպելով տարածաշրջանի երկրներին միջոցներ ձեռնարկել իրանական ընկերությունների և ֆինանսական հատվածի դեմ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի