Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից մի քաղաքացու տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Վարազդատ Մ.-ն է։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամեր առաջ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում Վարազդատ Մ.-ն գիպսի համար նախատեսված բունկերի վրա աշխատանքներ կատարելիս 2-3 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, որի հետևանքով էլ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարազդատ Մ.-ն աշխատում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավարի օգնական։ –00—ՅՄ The post «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ appeared first on 24News .