Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանում իր երկրի դեսպան Նիկոլայ Նոզդրևին՝ Japan Tobacco International (JTI) ընկերության ռուսական ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը, փոխանցում է Meduza-ն։ Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Տոկիոն Մոսկվային կոչ է արել չեղարկել այդ որոշումը։ «Ճապոնիան բազմիցս կոչ է արել Ռուսաստանին պաշտպանել ճապոնացի քաղաքացիների և բիզնեսի օրինական շահերը», – նշել է նա՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։ Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանում JTI-ի ակտիվները փոխանցվել են «Промышленные активы» բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարմանը։ Խոսքը, մասնավորապես, Ռոստովի, Ելեցի և Սանկտ Պետերբուրգի JTI ծխախոտի գործարանների մասին է։ Ինչպես նշել էր The Bell-ը, դրանցից ամենախոշորը Սանկտ Պետերբուրգի գործարանն է։ 2023 թվականին դրա հասույթը 55,9 միլիարդ ռուբլուց աճել է մինչև 73,2 միլիարդ ռուբլիի, իսկ զուտ շահույթը կազմել է ռեկորդային 13,2 միլիարդ ռուբլի։ Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո JTI-ն (Japan Tobacco International) դուրս չի եկել Ռուսաստանի շուկայից, սակայն դադարեցրել ներդրումները ռուսական արտադրության և մարքեթինգի ոլորտներում։ JTI-ի միջազգային ապրանքանիշերի շարքում են, մասնավորապես, Winston-ը, Camel-ը, LD-ն, Sobranie-ն և Glamour-ը։ Ռուսաստանի շուկայի համար JTI-ի ապրանքանիշերից են «Պյոտր I»-ը, «Ռուսկի ստիլ»-ը և «Դոնսկոյ տաբակ»-ը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի