ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը կարող է դանդաղեցնել երկրի տնտեսության աճը մոտ 1,5 տոկոսով: Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անմիջական ազդեցությունը տնտեսական աճի վրա կարող է կազմել մոտ 0,6 տոկոսային կետ: Այսպիսով, եթե տնտեսության կանխատեսվող աճը կազմում է 6,6 տոկոս, ապա միությունից դուրս գալուց հետո այն կարող է դանդաղել մինչև 6 տոկոս:Ըստ նախարարի` լրացուցիչ բացասական գործոնների, մասնավորապես մաքսատուրքերի սահմանման դեպքում, որոնք կարող են դժվարացնել առևտուրը, տնտեսական աճը կարող է դանդաղել մինչև 5 տոկոս: Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով` Հայաստանի տնտեսությունն աճել է 6,9%–ով:Նախարարը նաև ընդգծեց արտերկրի շուկաներում հայկական ապրանքների առավել ակտիվ առաջմղման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նման քաղաքականություն վարում են բոլոր երկրները:Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։