Նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հարգելի պարոն գլխավոր հանձնակատար, Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ, հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ բոլորիդ մայրաքաղաք Երևանում՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ։ Ուրախ եմ, որ այստեղ են հավաքվել շուրջ 800 մասնակիցներ՝ աշխարհի 55 երկրներից ժամանած մեր հայրենակիցներ, հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, մշակույթի, կրթության և հասարակական կյանքի գործիչներ։ Ձեր ներկայությունը վկայում է, որ Հայաստանի ապագայի, և, ընդհանրապես, մեր ընդհանուր ապագայի շուրջ երկխոսությունն ունի մեծ ներուժ։ Նախորդ երկու գագաթնաժողովները ձևավորեցին Հայաստան-Սփյուռք երկխոսության կարևոր հարթակ։ Այսօր մեր խնդիրն է ոչ միայն ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը, այլև նոր բովանդակություն հաղորդել համագործակցությանը։ Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող շրջանցել «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կամ հայեցակարգը։ Ի՞նչ է Իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը մեր պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով, իր քաղաքացիներով, պետական ինստիտուտներով, ժողովրդավարական համակարգով և զարգացման ձգտումով։ Այն մեր հայրենիքն է, որտեղ մենք ապրում ենք , աշխատում, ստեղծում, որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում մեր ու հաջորդ սերունդների ապագայի համար։ Առաջ տանել իրական Հայաստանի հայեցակարգը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից, ազգային ինքնությունից, մշակույթից կամ աշխարհասփյուռ հայության հետ կապերից։ Ընդհակառակը , նշանակում է մեր հարուստ ժառանգությունը դարձնել ամուր պետականության և ժամանակակից զարգացման հենարան, իսկ պետությունը դարձնել բոլոր համազգային երազանքների ու նպատակների կիզակետ: Մենք ունենք հազարամյակների պատմություն և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի նշանակալի ներդրում։ Ունենք Սփյուռք, որը տարբեր երկրներում պահպանել է իր ինքնությունը և մեծ հաջողությունների հասել գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի ու հանրային կյանքի ոլորտներում։ Սա մեր հարստությունն է։ Սակայն մեր առջև դրված խնդիրն այդ հարստությունը նաև ապագայի վերածելն է և դեպի Հայաստան ուղղելն է: Բառիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, այո՛, նաև ֆիզիկական իմաստներով: Իսկ ապագան կառուցվում է ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետության միջոցով։ Իրական Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ խաղաղությունը ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար է, այլ զարգացման հնարավորություն և բնականոն կյանքի հիմք, որտեղ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտներն առօրյա իրականություն են։ Սիրելի ներկաներ, Այսպիսի Հայաստանի կայացման գործում Սփյուռքը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ։ Մենք չենք ցանկանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սահմանափակել միայն հայրենասիրական զգացմունքներով, պատմական հիշողությամբ կամ բարեգործությամբ։ Դրանք կարևոր են, բայց մեր համագործակցությունը կարող է և պետք է շատ ավելի ընդգրկուն լինի։ Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայ մասնագետների, գիտնականների, ձեռներեցների և երիտասարդների ներդրումը Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության և սպորտի, առողջապահության, տեխնոլոգիաների և մշակույթի զարգացման գործում։ Իսկ եթե այդ ներդրումը լինի հայրենադարձության տեսքով, մենք՝ Հայաստանի հայերս, չափազանց երջանիկ կլինենք , ինչպես ցանկացած քույր ու եղբայր երջանկանում են, երբ վերամիավորվում են: Մեզ անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլ նաև գիտելիք, փորձ, նորարարություն, մասնագիտական կապեր և համատեղ ծրագրեր։ Հայաստանը պետք է դառնա միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ։ Այս գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները՝ ժողովրդավարությունից և տարածաշրջանային խաղաղությունից մինչև տնտեսություն, կրթություն, առողջապահություն, արհեստական բանականություն և բնապահպանություն, արտացոլում են հենց այդ ձգտումը։ Օրերս այս նույն վայրում անցկացված COP17-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկիրը կարող է հյուրընկալել համաշխարհային նշանակության ձեռնարկներ և իր ներդրումն ունենալ գլոբալ օրակարգի ձևավորման գործում։ Մենք պետք է կարողանանք համատեղել Հայաստանի ներուժը Սփյուռքի միջազգային փորձի և կապերի հետ։ Միաժամանակ պետք է գիտակցենք, որ Սփյուռքը միասնական և միատարր կառույց չէ։ Այն ունի տարբեր պատմություններ, միջավայրեր, առաջնահերթություններ և մոտեցումներ։ Մեր խնդիրն է լսել միմյանց, հարգել տարբերությունները և գտնել համագործակցության ընդհանուր եզրեր։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, վստահության և իրական գործունեության վրա։ Սիրելի հայրենակիցներ, Կարծում եմ՝ այս գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով։ Այն պետք է դառնա կոնկրետ գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության նոր ծրագրերի մեկնարկային հարթակ։ Մեր նպատակն է, որ այս օրերին ձևավորված կապերն ու պայմանավորվածությունները շարունակվեն նաև գագաթնաժողովի ավարտից հետո և վերածվեն իրական արդյունքների։ Մեր ընդհանուր պատասխանատվությունն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն հարուստ պատմություն և ազգային ինքնություն, այլև ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող Հայաստան։ Հայաստան, որով հպարտանում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը և որի ապագայի կերտմանը նրանք մասնակցում են իրենց գիտելիքով, աշխատանքով, նախաձեռնություններով ու ներդրումներով, և, ինչպես արդեն շեշտեցի, հայրենադարձությամբ: Մեծն Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ (1921 թ.) իր խոսքն էր ուղղում աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով լսել հայրենիքի ձայնը և նպաստել ազատ ու շեն հայրենիքի կերտմանը։ Այսօր այդ կոչը նոր բովանդակություն է ստանում։ Մեր խնդիրն է համատեղ ջանքերով կառուցել ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետություն՝ Իրական Հայաստանը, որը կլինի մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը և մեր ընդհանուր ապագայի հենարանը։ Վստահ եմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի այդ նպատակին։ Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ, նոր գաղափարներ, հետաքրքիր հանդիպումներ և հաջողված համագործակցություն։ Կեցցե՛ Իրական Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայաստան-Սփյուռք համագործակցությունը պետք է վերածվի իրական արդյունքների»․ Ռուբինյան
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Արմավիրում ոստիկանները ապօրինի զենք-զինшմթերքի մի ամբողջ զինանnց են հայտնաբերել
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Եվրամիությունը մոտ է ընդլայնման նոր փուլին․ Բրյուսելում քննարկել են հնարավորություններն ու խոչընդոտները
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Հայաստանը և Լիտվան նախատեսում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Պուտինն ու Ռեզային քննարկել են հետպատերազմյան իրադրությունն ու անվտանգության հարցերը
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago
Related coverage

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
24TV / 24News / 17 minutes ago

#ՀԻՄԱ. ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ
24TV / 24News / 20 minutes ago

Կոստանյանը Վիլնյուսում անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանը
Aravot / 21 minutes ago

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 23 minutes ago