ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 21-ին ավտոմեքենայով Ծափաթաղ բնակավայրից Երևան ուղևորվելու ճանապարհին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով կինը չի ցանկացել շարունակել ճանապարհը, իսկ ամուսինը նրան ֆիզիկական ներգործության ենթարկելով, այն է՝ հարվածներ հասցնելով, մազերից և ձեռքերից քաշելու եղանակով բռնություն գործադրելով, փորձել է նրան պահել ավտոմեքենայի մեջ և այդ կերպ առևանգել է վերջինիս: Ամուսնու վերոնշյալ գործողությունների հետևանքով կինը Ծափաթաղ-Ծովագյուղ ավտոճանապարհի հատվածում ցանկանալով վերջ տալ կյանքին, բացել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դուռը և դուրս նետել իրեն, ինչի հետևանքով մահացել է: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ինքնասպանությանը նախորդող օրերին ամուսինը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իր հղի կնոջը, ինչը դրսևորվել է դաժան վերաբերմունքով և արժանապատվությունը նվաստացնելու եղանակով: Բացի այդ, պարզվել է նաև, որ ամուսինը չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ մայիսի 21-ին ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 8-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը), 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը): Նա կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ –00—ՅՄ The post Ավարտվել է Ծափաթաղ-Ծովագյուղ ճանապարհին կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքով նախաքննությունը appeared first on 24News .