ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2–րդ կեսին կմեկնի Մոսկվա` ԵԱՏՄ շրջանակում մասնակցելու նախարարական փուլի հանդիպումներին։ Այդ մասին նա այսօր ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։Նա պարզաբանեց` ԵՏՀ խորհրդի կողմից միշտ հաստատվում են մի շարք ապրանքների ներմուծման արտոնություններ, սակայն կան սահմանափակումներ և բարձր մաքսատուրքեր, որոնք խոչընդոտում են մեր շուկայի համար անհրաժեշտ որոշ ապրանքների ներմուծումը։ Այժմ հայկական կողմը բանակցում է, որպեսզի այդ ապրանքներից ինչ–որ քանակի առանց մաքսատուրքի հնարավոր լինի ներմուծել։ «Մենք շարունակում ենք պահպանել ու ակտիվ ներգործություն ունենալ ԵԱՏՄ–ում տեղի ունեցող գործընթացների վրա»,– ասաց Պապոյանը։Նա տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 121 մլն դոլարի տնտեսում է արել, և այդ գումարը մնացել ու շրջանառվել է մեր երկրի ներսում։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։