ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը շարունակելու է մնալ իր պաշտոնում՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը՝ անդրադառնալով տեղեկություններին այն մասին, թե հնարավոր է, որ Հեգսեթը եհռացվի նախարարի պաշտոնից։ «Հեգսեթը 100 տոկոսով կղեկավարի գերատեսչությունը մինչև նախագահ Թրամփի լիազորությունների ժամկետի ավարտը։ Նախարար Հեգսեթը չի նահանջի և թույլ չի տա, որ իրեն ահաբեկեն այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են քաղաքական միավորներ վաստակել կուսակցական պայքարի միջոցով կամ նախաձեռնել կեղծ հետաքննություններ այնտեղ, որտեղ որևէ խախտում չկա»,- « Արմենպրես »-ի փոխանցմամբ, ասել է նա։ Փարնելը նշել է, որ «Պատերազմի նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է օրենքի խստիվ պահպանմամբ»։ «Մեր նախարարը շարունակելու է ամեն օր պայքարել Սահմանադրության պաշտպանության համար, ղեկավարել մեր զինված ուժերը և պաշտպանել Ամերիկան։ Մենք կշարունակենք նախարարությունում իրականացնել նախագահ Թրամփի քաղաքականությունը՝ չնայած դեմոկրատների՝ շինծու «վհուկների որս» կազմակերպելու սպառնալիքներին»,- հավելել է նա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գոհ է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի աշխատանքից և չի քննարկում նրան պաշտոնից հեռացնելու հարցը։ «Ո՛չ, կարծում եմ՝ նա հիանալի է կատարում իր աշխատանքը»,- նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել էր Թրամփը՝ պատասխանելով պատերազմի նախարարին պաշտոնից ազատելու մտադրության մասին հարցին։ Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփն իր խորհրդականների հետ քննարկում է Հեգսեթի պաշտոնավարման հետագա հարցը։ –00—ՅՄ The post Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները appeared first on 24News .