Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) փոխնախագահ, թուրքական պետությունների հետ հարաբերությունների պատասխանատու Քյուրշադ Զորլուն անդրադարձել է Ռուսաստանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով միանալու առաջարկին։ Զորլուն «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Ռուսաստանին կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով միանալու առաջարկին, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ այդ հարցի վերաբերյալ դրական դիրքորոշմանը։ Զորլուն ընդգծել է, որ սա շատ զգայուն և կարևոր հարց է։ Միաժամանակ նա մշակութային համագործակցության առաջարկ է ներկայացրել։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա, բնականաբար, այդ երկրում ապրում են միլիոնավոր մարդիկ, որոնց հետ մենք պատմական և էթնիկ ծագման ընդհանրություններ ունենք։ Հատկապես Թաթարստանում, Բաշկորտոստանում և Յակուտիայում մեր մշակութային կապերը շատ խորն են։ Այս առումով Ռուսաստանի հետ մշակութային երկխոսության առկայությունը միանգամայն բնական է»,-ասել է նա։ Զորլուն հիշեցրել է, որ 2021 թվականին Ստամբուլում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովում ընդունված կանոնակարգով դիտորդի կարգավիճակ ստանալու համար սահմանվել են լեզվական հստակ պահանջներ։ «Համաձայն այդ կանոնակարգի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դիմել կարող են միայն այն պետությունները, որոնք թյուրքական կամ ազգակից լեզուներից մեկը ճանաչել են որպես պետական կամ պաշտոնական լեզու՝ ոչ թե երկրի առանձին շրջաններում, այլ ամբողջ տարածքում՝ որպես պաշտոնական գրագրության լեզու։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է կազմակերպության և այս չափանիշներին չհամապատասխանող երրորդ երկրների միջև փոխադարձ շահերի հիման վրա ճկուն համագործակցության հաստատում։ Այդ նպատակով անցյալ տարի ընդունվել է «ԹՊԿ պլյուս» համագործակցության մոդելը»,– ասել է նա։ Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը Զորլուն հայտնել է, որ Անկարայի գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Տոկաևի առաջարկած այս մոդելի համաձայն՝ անդամ երկրների հավանությանն արժանացած երրորդ երկրի հետ արտաքին գործերի նախարարների կամ պետությունների ղեկավարների մակարդակով բարձր մակարդակի հանդիպում կարող է անցկացվել միայն կազմակերպության բոլոր անդամների միաձայն որոշմամբ։ «Նման առաջարկի առաջադրման դեպքում հարցը պատշաճ կերպով կքննարկվի կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ՝ հաշվի առնելով կազմակերպության ռազմավարական նպատակներն ու Թյուրքական աշխարհի ընդհանուր շահերը»,– նշել է Զորլուն։ Այս համատեքստում նա նոր առաջարկ է ներկայացրել ու հայտարարել է. «Թյուրքական պետությունների կազմակերպության հովանու ներքո գործում են նաև մեր հարակից միջազգային կառույցները, այդ թվում՝ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը (TÜRKSOY) և Թյուրքական ակադեմիան։ Մասնավորապես, 1993 թվականին հիմնադրված TÜRKSOY-ը մշակութային ոլորտում մեր ամենալայն և ակտիվ համագործակցության հարթակն է։ Այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ալթայը, Տուվան, Չուվաշիան, Բաշկորտոստանը, Յակուտիան և Թաթարստանը։ Սակայն 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության ընդունած որոշման արդյունքում նշված հանրապետությունների համագործակցությունը TÜRKSOY-ի հետ փաստացի սառեցվել է։ Այդ ժամանակից ի վեր կողմերը չեն անցկացրել որևէ համատեղ հանդիպում կամ միջոցառում։ Այժմ ես առաջարկում եմ վերանայել TÜRKSOY-ում ստեղծված այս սառեցված իրավիճակը և նոր շունչ հաղորդել մշակութային համագործակցությանը, որը երկու կողմերի միջև համագործակցության ամենակարևոր ուղղություններից մեկն է»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի