Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News -ին մեկնաբանել է ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի ընտրությունները, դրանց հնարավոր ազդեցությունը Ռուսաստանի և Եվրոպայի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու հավանականությունը։ «Ի՞նչ կարելի է ակնկալել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության առումով։ Կարծում եմ՝ դեպի լավը ոչինչ չի փոխվի։ Եվրոպայի և Ուկրաինայի հույսերը, թե դեմոկրատները կփոխեն Թրամփի քաղաքականությունը, և իրենց կյանքը կհեշտանա, ու նրանք երկար ու երջանիկ կապրեն, նույնպես ապարդյուն են։ Դա պատրանք է, որը իրականության հետ որևէ կապ չունի։ Եթե եվրոպացիներին հարցնենք՝ ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսք» գազատարները, և ո՞ր վարչակազմի օրոք է դա տեղի ունեցել, նույնը կարելի է ասել նաև համավարակի, տնտեսական ճգնաժամի, այդ թվում՝ դիզելային վառելիքի ճգնաժամի և Պարսից ծոցի իրավիճակի մասին։ Այս բոլոր խնդիրները ձևավորվել են դեմոկրատների իշխանության օրոք և չեն հանգեցրել որևէ դրական արդյունքի։ Թրամփը փորձեց շտկել ստեղծված իրավիճակը, սակայն ինքն էլ ներքաշվեց մի շարք ռազմական հակամարտությունների մեջ, որոնց թվում Պարսից ծոցի իրավիճակը նրա համար վերածվեց ծուղակի, որից այդպես էլ չկարողացավ դուրս գալ։ Էլ չեմ խոսում Ուկրաինայում հակամարտության մասին։ Հետևաբար, ես չէի ակնկալի Միացյալ Նահանգների քաղաքականության կտրուկ փոփոխություն»,- նշել է փորձագետը։ Ալեքսեյ Լեոնկովի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին։ Թեև նման զարգացումների հավանականությունն, ըստ նրա, նվազագույն է, այդուհանդերձ, այն մշտապես առկա է։ «Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ապա այնտեղ կենտրոնացվող ուժերն իսկապես նախատեսված են հզոր հարված հասցնելու համար։ Դրա մասին է վկայում նաև օդային լիցքավորող ինքնաթիռների մեծ քանակությունը, որոնք կենտրոնացվել են տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է միջուկային հարվածի հավանականությանը, ոմանք ասում են, թե այն նվազագույն է և այլն։ Ես կասեի, որ այդ հավանականությունը մշտապես պահպանվում է նվազագույն մակարդակի վրա։ Բանն այն է, որ սահմանափակ միջուկային պատերազմը Միացյալ Նահանգների ռազմական դոկտրինի դրույթներից մեկն է։ Այն կարող է կիրառվել տարածաշրջանում գործող ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավարի կողմից։ Պարտադիր չէ, որ նա այդ հարցում խորհրդակցի նախագահի հետ կամ ստանա նրա կարծիքը։ Նրա առջև կարող է խնդիր դրվել՝ հասցնելու հնարավորինս հզոր հարված, և նա կարող է որպես այդ հարվածի ամենաարդյունավետ միջոց ընտրել ջերմամիջուկային կամ, օրինակ, տակտիկական միջուկային զինամթերք։ Ուստի Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հավանականությունը մշտապես գոյություն ունի, իսկ դրա հավանականության՝ բարձր մակարդակի հասնելը զուտ տեխնիկական որոշման հարց է, որը կարող է իրականացվել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում»,- եզրափակել է Լեոնկովը։ The post ԱՄՆ-ի կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու հավանականությունը մշտապես գոյություն ունի․ Ալեքսեյ Լեոնկով appeared first on Alphanews .