«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին քննչական կոմիտեից տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին և այդպես ազդեցություն ունենալ ժողովրդի ընդդիմադիր հատվածի վրա։Նա ընդգծեց, որ իշխանությունների` Կարապետյանին կալանքի տանելու ծրագիրը չի աշխատելու այնպես, ինչպես չաշխատեց Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։Հավելեց, որ 2 ժամ հետո հատուկ միջոցառում են անցկացնելու։«Այդ միջոցառումը հավաք չէ, մի քիչ այլ միջոցառում է, որը մենք մեդիայով կներկայացնենք»,–ասաց նա։Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: