Նոյեմբերի 8-ին Ադրբեջանը նշելու է, այսպես կոչված, «Հաղթանակի օրը»։ Այս տարվա վերջին կավարտվի «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագրի գործողության ժամկետը։ Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 40, 520 նախկին ներքին տեղահանված անձ վերադարձել է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր (Բաքուն այսպես է կոչում իր վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքները-խմբ)։ Սակայն ծրագրի համաձայն՝ մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում էր վերաբնակեցնել 140 հազար մարդու։ Ծրագրի ավարտից երեք ամիս առաջ հաջողվել է իրականացնել նախատեսվածի շուրջ 29 տոկոսը։ Այս մասին ասվում է JAMnews-ի անդրադարձում։ Լրատվամիջոցը գրում է, որ տեղահանվածների վերադարձի տեմպերն աճում են։ Տարեսկզբին նրանց թիվը կազմում էր 26 014 մարդ։ Այսպիսով, ինը ամսվա ընթացքում տարածաշրջան է վերադարձել ևս 14 506 մարդ։ Եթե ներկայիս տեմպերը պահպանվեն, մնացած շուրջ 100 հազար մարդու վերադարձի համար կպահանջվի ևս հինգ տարի։ Հաճախ հիշատակվող 96, 068 թիվն արտացոլում է տարածաշրջանում բնակվող, աշխատող և սովորող մարդկանց ընդհանուր թիվը։ Հունվարին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ այստեղ կարող է ապրել և աշխատել «120, 130, 140 հազար մարդ»։ Միևնույն ժամանակ նա չէր բացառել, որ ծրագրի իրականացումը կարող է ձգձգվել։ Սակայն հենց ծրագրում նպատակային ցուցանիշին հասնելու վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի ավարտը։ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրասլանլին Meydan TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 47 բնակավայրից վերականգնվել է մոտ 20-ը, իսկ մնացածը գյուղեր են, որոնք 2023 թվականին են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույն թվականին տարածաշրջանի շուրջ 100–120 հազար հայ բնակիչներ ստիպված են եղել տեղափոխվել Հայաստան։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ Երևանը տեղի ունեցածը որակում է որպես էթնիկ զտում։ Ինչի՞ վրա են ծախսվել գումարները Սեպտեմբերին վարչապետ Ալի Ասադովը հայտնել էր, որ 2020 թվականից ի վեր պետական բյուջեից տարածաշրջանի վերականգնման համար հատկացվել է ավելի քան 25 միլիարդ մանաթ (մոտ 14,7 մլրդ դոլար)։ Այս տարվա բյուջեով նախատեսված է 3,5 միլիարդ մանաթ (մոտ 2,06 միլիարդ դոլար)։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ինը ամսվա ընթացքում ծախսվել է 1,76 միլիարդ մանաթ (մոտ 1,035 միլիարդ դոլար)։ Այդ գումարից 891,8 միլիոն մանաթ (մոտ 524,6 միլիոն դոլար) ուղղվել է ենթակառուցվածքների զարգացմանը, ևս 692,5 միլիոն մանաթ (մոտ 407,35 միլիոն դոլար) հատկացվել է կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտների ծրագրերին։ Իլհամ Ալիևը միջոցների բաշխման այս մոտեցումը բացատրել է հետևյալ կերպ. «Ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը զուգահեռ, բնականաբար, բնակարանաշինությանը կհատկացվեն ավելի մեծ միջոցներ»։ Սակայն քննադատները հիմնական խնդիր են համարում թափանցիկության պակասը։ Meydan TV-ի տեղեկություններով՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հանրությանը հասանելի չեն, իսկ մոնիթորինգի համար պատասխանատու կենտրոնի կայքում դրա արդյունքները չեն հրապարակվում։ Որքանո՞վ են ականները շարունակում լուրջ խոչընդոտ մնալ Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) տվյալներով՝ միայն հոկտեմբերին հայտնաբերվել է 979 ական և 3070 չպայթած զինամթերք։Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլը ականների և այլ պայթուցիկ առարկաների հետևանքով տուժել է 421 մարդ, որոնցից 72-ը՝ զոհվել։ Սեպտեմբերին ANAMA-ի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել էր, որ արձանագրվել են նաև ջրհեղեղների հետևանքով արդեն ականազերծված տարածքներում ականների կրկին հայտնվելու դեպքեր։ Լրագրող Թափդիգ Ֆարհադօղլուն «Кавказский узел»-ին հայտնել է, որ տարածքի զգալի մասը բնակության համար պիտանի կարող է դառնալ առաջիկա 10–15 տարիների ընթացքում, մինչդեռ լեռնային շրջանների ամբողջական վերականգնումը կարող է տևել 20–30 տարի։ Իր հերթին, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին տեղահանվածների վերադարձի ներկայիս տեմպերը համարում է հիմնավորված։ Նույն պարբերականին տված մեկնաբանության մեջ նա վստահություն է հայտնել պաշտոնական վիճակագրության նկատմամբ և նշել, որ բնակչության փուլային վերադարձը հեշտացնում է անվտանգության վերահսկողությունը։ Բնակարան կա, իսկ աշխատանք՞ Վերլուծաբան Թողրուլ Ջուվարլին հայտնել է, որ տան հետ տրամադրվող 11200 քառակուսի մետր հողատարածքում հնարավոր չէ լիարժեք գյուղատնտեսությամբ զբաղվել։ Միևնույն ժամանակ խոշոր գյուղատնտեսական ձեռնարկությունները տեղի բնակիչներին առաջարկում են ցածր վարձատրվող աշխատանք։ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրասլանլին Meydan TV-ին տված հարցազրույցում իրավիճակը բնութագրել է այսպես. «Եթե գյուղում բնակարան կա, բայց աշխատանք չկա, հողն օգտագործելու հնարավորությունները սահմանափակ են, սեփական գործ սկսելը դժվար է, իսկ մարդիկ ստիպված են կրկին մեկնել այլ քաղաքներ՝ աշխատանք փնտրելու, ապա դժվար է դա լիարժեք «Մեծ վերադարձ» անվանել»։ Հայկական Վանք գյուղ տեղափոխված Այթաջ Ամիրջանլին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ արդեն տասը ամիս է՝ հաշվառված է զբաղվածության ծառայությունում։ Նրա խոսքով՝ գյուղում չկա ո՛չ դեղատուն, ո՛չ հասարակական տրանսպորտ։ Նա պնդում է, որ «բնակիչների մեծ մասն արդեն փակում է իր տունը և մեկնում Բաքու»։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բնակիչներին խորհուրդ է տվել բողոքներով անմիջապես դիմել իշխանությունների ներկայացուցիչներին, այլ ոչ թե բողոքներ պարունակող տեսանյութեր նկարահանել և տարածել։ Հոկտեմբերի 30-ին պատգամավոր Ագիլ Աբասը խորհրդարանում հայտարարել է, որ Աղդամի շուրջ 10 հազար նախկին բնակիչ գրանցված չէ քաղաքում և չունի հարկադիր տեղահանվածի կարգավիճակ։ Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հակադարձել է. «Այդքան մեծ աշխատանք է կատարվել, ինչո՞ւ եք այն վարկաբեկում»։ Ի՞նչ կարող է փոխել երկրորդ ծրագիրը Սեպտեմբերին վարչապետ Ալի Ասադովը հայտնել էր, որ երկրորդ ծրագրի նախագիծը ներկայացվել է նախագահին։ Միևնույն ժամանակ նա առաջին ծրագրի իրականացումը հաջողված է որակել։ Նոր ծրագրի նպատակային ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ Ֆինանսների նախարարության կանխատեսման համաձայն՝ 2027–2030 թվականներին տարածաշրջանի վերականգնման համար նախատեսվում է հատկացնել 13,2 միլիարդ մանաթ (մոտ 7,765 միլիարդ դոլար)։ Հուլիսին հաստատված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այն անձը, որը հրաժարվում է պետության առաջարկած բնակարանից, զրկվում է տեղահանվածի կարգավիճակից։ Իրավապաշտպանները դա համարում են կամավոր վերադարձի սկզբունքի խախտում, մինչդեռ իշխանամետ լրատվամիջոցները փոփոխությունները ներկայացնում են որպես սեփականության իրավունքի վերականգնում։ Ռազիմ Ամիրասլանլին կոչ է անում իրականացնել առաջին ծրագրի ամբողջական աուդիտ։ Նրա կարծիքով՝ նոր ծրագրում պետք է հաշվի առնել ոչ թե կառուցված շենքերի քանակը, այլ աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը և հողատարածքներ ստացած ընտանիքների քանակը։ Առաջին ծրագրի ավարտին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ հունվարին կանխատեսվում էր, որ տարածաշրջանի բնակչության թիվը կհասնի 120–140 հազարի։ Սակայն վերջին տվյալների համաձայն՝ այն կազմում է 96, 068 մարդ, որոնցից 40, 520-ն են նախկին հարկադիր տեղահանվածները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի