ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին ցանկանում էր ներկայացնել գործով ցուցմունքները, որը դատարան արգելեց։ Փաստաբանն արձագանքեց, որ խախտվում է իրենց պաշտպանության իրավունքը, քանի որ ցուցմունքները ներկայացնելուց հետո պարզ է դառնում, որ անհիմն է Ծառուկյանի՝ կալանքի տակ մնալը։Նա, դիմելով դատարանին, նկատեց, որ հանրային մեղադրողները գործով բոլոր մեղադրյալների հետ կապված նույն հիմնավորումներն էին կարդում։ Սարգսյանը դատարանում քննարկումը ձևական որակեց։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։