Օպերային թատրոնի նորաբաց կամերային դահլիճում կկայանա «Երգը հանուն առողջ սերնդի» բարեգործական համերգաշարի երկրորդ համերգը։ Այս նախաձեռնությունը միավորել է արվեստագետներին ու հանդիսատեսին մեկ բարձր նպատակի շուրջ՝ աջակցելու երաժիշտ Վահան Արծրունու ընտանիքին, որդուն՝ Անդրեասին, հաղթահարելու առողջական փորձությունը։ Անդրադառնալով գործընկերների և հասարակության աջակցությանը՝ Վահան Արծրունին նշում է, որ սա բնականոն երևույթ է երաժիշտների համար թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում, և ներքին թելադրանքի ու մղման իմաստով հայ երաժիշտները չեն տարբերվում այլ ազգերի արվեստագետներից։ «Երբ դահլիճում տեսնում ես մարդկանց, ովքեր եկել են ոչ միայն քո արվեստի համար, այլև իրենց աջակցությունը հայտնելու, տեսնում ես նրանց աչքերը, օգնելու պատրաստակամությունն ու ուժը։ Առաջին համերգը տեղի ունեցավ Համազգային թատրոնում։ Երբ բարձրացա բեմ, հայտնվեցի մի դաշտում, որտեղ հսկայական դրական ուժ կա՝ մարդկային կարեկցանքից մինչև աղոթքի ուժ։ Դա ուղղակի մաքրազերծում է ամեն ինչ քո շուրջ։ Սա այնքան թանկ է ինձ և իմ ընտանիքի համար»,- ասում է Վահան Արծրունին։ Ավելի քան 200 անհատներ և կազմակերպություններ արդեն իսկ օգնության ձեռք են մեկնել։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվարանում է բառերով արտահայտել իր զգացմունքները․ «Կան չափելի բաներ և բաներ, որոնք չափելի չեն․ ես երախտագիտության բավարար խոսքեր չեմ գտնում»։ «Երգը հանուն առողջ սերնդի» բարեգործական համերգաշարի երկրորդ համերգը Օպերային թատրոնի նորաբաց կամերային դահլիճում, տեղի կունենա նոյեմբերի 15–ին, ևս մեկ համերգ տեղի կունենա դեկտեմբերի 8–ին։