Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում։ Պատվաստումը՝ Նվազեցնում է քրոնիկ, այդ թվում նաև` սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ բարդությունների առաջացման ռիսկը։ Կրճատում է հոսպիտալացման ռիսկը շաքարային դիաբետ ունեցող անձանց շրջանում՝ 79%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող անձանց շրջանում՝ 52%-ով։ Նույնիսկ հիվանդանալու դեպքում նպաստում է հիվանդության ավելի թեթև ընթացքին։ Հիշե՛ք՝ գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսների շրջանառվող տեսակները փոփոխվում են, իսկ պատվաստումից հետո ձևավորված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։ Պատվաստման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և պատվաստվելու համար դիմե՛ք ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։ Քաղաքացիների համար պատվաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի ևս Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր։