Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը։ Այդ մասին ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել։ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման կարևոր նախապայմաններից են անվտանգ կենսաչափական անձնագրերի և նույնականացման հուսալի համակարգերի ներդրումը, որոնք թույլ կտան կանխել կեղծիքները և պաշտպանել անձնական տվյալները։ Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն իրականացվում է հստակ կառուցվածքային գործընթացի շրջանակում՝ ներառելով առանցքային ոլորտներում բարեփոխումների հստակ հենանիշներ, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան, իրավապահ գործունեությունը և մարդու իրավունքները։ Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրումը շոշափելի առաջընթաց է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են այս կարևոր իրադարձության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։ Եվրոպական միությունն ուրախ է աջակցել այս կարևոր բարեփոխմանը՝ Հայաստանի համար Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում։ Առաջիկա տարում բազմոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կհատկացվի ավելի քան 6 միլիոն եվրո, իսկ Լիտվայի ՆԳ նախարարության կողմից իրականացվող 2 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի միջոցով տրամադրվում է տեխնիկական աջակցություն։ Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ Այն հիմնված է գործողությունների ծրագրի վրա, որը ներառում է բարեփոխումների հստակ նպատակներ չորս ուղղությամբ՝ Ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում Հասարակական կարգի և անվտանգության հարցեր Ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքներ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը հրապարակվել է 2026 թվականի մայիսին և հասանելի է հետևյալ հղումով՝ shorturl.at/Nm9XD ,-նշված է հաղորդագրությունում։