Անւանի գործարարը համայնքի տնտեսական պասիւութեան պատճառները տեսնում է ոչ միայն ֆինանսական սահմանափակումների , այլեւ յստակ ռազմավարութեան ու ներդրումային ծրագրերին ներգրաււածութեան պակասի մէջ։ ՀԱՏԻՍ – Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի եւ միութենականների ու ներկայ հայ գործարարների եւ առեւտրականների հետ հանդիպման ընթացքում քննարկւեցին պալատի գործունէութիւնը, առաջիկայ ծրագրերը եւ հայ-իրանական առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները։ Սակայն հանդիպման առանցքային թեմաներից մէկը դարձաւ իրանահայ համայնքի սահմանափակ ներկայութիւնը Հայաստանի տնտեսական կեանքում եւ այդ իրավիճակը փոխելու անհրաժեշտութիւնը։ Հանդիպումը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին: Հանդիպմանը Հերւիկ Եարիջանեանին ընկերակցում էր պալատի աշխատանքների համադրող Գասպար Ամիրխանեանը։ Նրանք ներկայացրեցին պալատի գործունէութիւնն ու ծրագրերը, կարեւորելով՝ ոչ միայն գործարար կապերի զարգացումը, այլեւ հայ առեւտրականութեան պատմութեան հանրահռչակումը։ Հայ առեւտրականութեան պատմութիւնից՝ դէպի նոր նախաձեռնութիւններ Պալատի հասարակական ուղղւածութեան ծրագրերից մէկը Նոր Ջուղայի առեւտրականների պատմութեան ուսումնասիրութիւնն ու հանրայնացումն է։ Նախաձեռնութեան նպատակն է արժեւորել հայ առեւտրականութեան պատմական ժառանգութիւնը եւ այն ներկայացնել հանրութեանը։ Նոյն տրամաբանութեամբ պալատը նախատեսում է հիմնել հայ գործարարներին ու առեւտրականներին գնահատելու նոր մրցանակ։ Որպէս օրինակ՝ նշւեց իրանական «Ամինօլզարբ» մրցանակաբաշխութիւնը։ Գասպար Ամիրխանեանի տեղեկացմամբ շուտով նախատեսւում է «Շահրիմանեան» յուշանւէրի շնորհման արարողութիւնը։ Այն նախատեսւում է դարձնել ամենամեայ նախաձեռնութիւն՝ հայ գործարարներին ու առեւտրականներին գնահատելու նպատակով։ Նախնական որոշմամբ յուշանւէրը շնորհւելու է ինը գործարարի, իսկ նախաձեռնութիւնն իրականացնելու համար ստեղծւելու է մրցանակային հիմնադրամ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ նաեւ Խան Մասեհեանին նւիրւած յիշատակի միջոցառմանը, որն անց է կացւել «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում՝ հայ եւ պարսկախօս գործարարների ու հասարակական դէմքերի մասնակցութեամբ։ Հերւիկ Եարիջանեանը կարեւորեց նման միջոցառումների դերը հասարակական կապերի ամրապնդման եւ փոխադարձ ճանաչողութեան զարգացման գործում։ Անդրադառնալով Հերւիկ Եարիջանեանի անձնական որակներին՝ Գասպար Ամիրխանեանը նրան բնութագրեց որպէս հայրենասիրութեան այնպիսի դրսեւորում մարմնաւորող անձնաւորութիւն, որի գործելակերպը կարող է տարբերւել ընդունւած պատկերացումներից, սակայն նոյն ոգին ու նւիրումն է արտայայտում։ Հայաստանում իրանահայը հիմնականում աշխատուժի դերում է Հանդիպման ամենաուշագրաւ հատւածներից մէկում Հերւիկ Եարիջանեանը խօսեց Հայաստանի տնտեսական կեանքում իրանահայ գործարարների ունեցած սահմանափակ ներկայութեան մասին։ Նրա գնահատմամբ Իրան-Հայաստան առեւտրի պալատի հայ անդամների չափաբաժինը փոքր է։ Խնդիրը, նրա խօսքով, միայն գործարար սխալ որոշումների կամ անյաջող հաշւարկների մէջ չէ, այլ յստակ ուղղւածութեան բացակայութեան։ Եարիջանեանը նման պատկեր է տեսնում նաեւ Հայաստանում իրանցի գործարարների գործունէութիւնն ուսումնասիրելիս։ Նրա դիտարկմամբ Հայաստանում յաջող գործունէութիւն ծաւալած իրանահայ գործարարների թիւը սահմանափակ է, մինչդեռ շուկայում իրանական ներկայութեան զգալի մասը ներկայացնում են պարսկախօս իրանցի գործարարները, մասնաւորապէս Ջուլֆայից։ Եարիջանեանի կարծիքով անցեալում, երբ արտարժոյթի փոխարժէքը հնարաւորութիւն էր տալիս աւելի իրատեսական ներդրումային հաշւարկներ կատարել, իրադրութիւնը փոխելու աւելի մեծ հնարաւորութիւններ կային։ Սակայն այսօր, երբ մէկ դոլարի արժէքը հասել է շուրջ 275 հազար թումանի, ըստ հանդիպման ընթացքում բերւած օրինակի, Հայաստանում ներդրում կատարելը իրանահայ գործարարների համար շատ աւելի բարդ է դարձել։ Դրան գումարւում է նաեւ Հայաստանի շուկայի սահմանափակ ծաւալը։ «Ներդրումային ծրագրերից ու նախագծերից կտրւած համայնք ենք։ Աւելի ճիշտ՝ անտարբեր»,- ասաց Եարիջանեանը՝ խնդիրը դիտարկելով նաեւ համայնքային ներգրաււածութեան տեսանկիւնից։ Նրա գնահատմամբ այսօր Հայաստանում իրանահայերի ներկայութիւնը յաճախ սահմանափակւում է աշխատողի կամ բանւորի կարգավիճակով, մինչդեռ սփիւռքահայ այլ համայնքների ներկայացուցիչները հանդէս են գալիս նաեւ որպէս գործարարներ եւ ներդրողներ։ Եարիջանեանը, սակայն, խնդիրը միայն ֆինանսական հնարաւորութիւնների պակասով չի պայմանաւորում։ Նա կարեւորեց նպատակային մօտեցման անհրաժեշտութիւնը նշելով, որ ներկայ պայմաններում Հայաստանի շուկայ մուտք գործելու համար անհրաժեշտ են նախապէս ուսումնասիրւած, իրատեսական եւ հաշւարկւած ծրագրեր։ Խնդրի արմատները նաեւ կրթական համակարգի մէջ Եարիջանեանի դիտարկմամբ համայնքի տնտեսական պասիւութեան պատճառներից մէկը կրթական մօտեցումներն են։ Նրա կարծիքով երեխաներին ու երիտասարդներին պէտք է պատրաստել ոչ միայն համայնքային միջավայրում գործելու, այլեւ այլ հասարակութիւնների հետ հաղորդակցւելու, տնտեսական յարաբերութիւններ հաստատելու եւ մրցակցային պայմաններում կողմնորոշւելու համար։ Նա կարեւորեց կրթական ոլորտում նպատակային մօտեցման եւ յստակ հայեցակարգի անհրաժեշտութիւնը միաժամանակ ընդգծելով, որ համայնքը պէտք է աւելի սերտ կապ հաստատի պետական կառոյցների, տնտեսական համակարգերի եւ ներդրումային ծրագրերի հետ։ Այս համատեքստում պալատի նախագահը պատրաստակամութիւն յայտնեց ընդունելու պալատի գործունէութեամբ եւ Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւններով հետաքրքրւող անձանց։ Յատկապէս երիտասարդներին ուղղւած նրա ուղերձն այն էր, որ նրանք կարող են դիմել պալատին Հայաստանի հետ առեւտրի եւ տնտեսութեան ոլորտ մուտք գործելու հնարաւորութիւնների մասին տեղեկութիւններ ստանալու համար։ Պալատը որպէս գործարար կապերի հարթակ Առեւտրական ընկերութիւններից մէկի ներկայացուցիչը հարցրեց, թէ Հայաստանի հետ գործարք սկսելու համար ի՞նչ փաստաթղթեր կամ նախապայմաններ են անհրաժեշտ, եւ ինչպէ՞ս կարող է պալատն աջակցել այդ գործընթացին։ Ի պատասխան Եարիջանեանը բացատրեց, որ պալատը նախեւառաջ գործարարների շփման ու կապերի հաստատման հարթակ է, որտեղ անդամները հանդիպում են, տեղեկութիւններ փոխանակում եւ հնարաւոր համագործակցութիւններ քննարկում։ Այդ կապը պահպանելու միջոցներից մէկը նաեւ պալատի թելեգրամեան ալիքն է։ Հանդիպման հարցուպատասխանի ընթացքում գործարարների բարձրացրած հարցերի զգալի մասը վերաբերում էր երկու երկրների միջեւ սահմանային բեռնափոխադրումների խնդիրներին։ Եարիջանեանը նշեց նաեւ, որ բանկային պատժամիջոցները շարունակում են բարդացնել տնտեսական գործարքները։ Այդուհանդերձ, նրա ներկայացրած տւեալներով Հայաստանի սահմանով օրական շուրջ 250 բեռնատար է անցնում։ Դրանց մի մասը բեռներ է տեղափոխում Հայաստան, իսկ միւս մասը շարունակում է ճանապարհը դէպի Վրաստան։ «ԱԼԻՔ» – Հանդիպումը մէկ անգամ եւս երեւան հանեց հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններում առկայ երկակի պատկերը. մի կողմից շարունակւող առեւտրային շարժն ու համագործակցութեան հնարաւորութիւնները, միւս կողմից իրանահայ համայնքի սահմանափակ ներգրաււածութիւնը ներդրումային գործընթացներում։ Հարցը միայն շուկայի պայմանները չեն: Այն նաեւ համայնքի պատրաստւածութեան, կապերի, նախաձեռնողականութեան եւ երկարաժամկէտ տնտեսական տեսլականի խնդիր է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հերւիկ Եարիջանեանը «Սիփան» միութիւնում կայացած հանդիպմանը. Հայաստանի տնտեսական կեանքից դուրս մնացած իրանահայ համայնքը
Անւանի գործարարը համայնքի տնտեսական պասիւութեան պատճառները տեսնում է ոչ միայն ֆինանսական սահմանափակումների, այլեւ յստակ ռազմավարութեան ու ներդրումային ծրագրերին ներգրաււածութեան պակասի մէջ։ ՀԱՏԻՍ – Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի եւ միութենականների ու ներկայ հայ գործարարների եւ առեւտրականների հետ հանդիպման ընթացքում քննարկւեցին պալատի գործունէութիւնը, առաջիկայ ծրագրերը եւ հայ-իրանական առեւտրատնտեսական յարաբերութիւնների …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
دیدار اعضای گروه دوستی پارلمانی ایران و ارمنستان در مجلس با سفیر ارمنستان
Alik / 16 hours ago
ԱԿՆԱՐԿ. ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՒԱՐԿԸ. ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՒ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՒՈՐՈՒՄՆԵՐ
Alik / 16 hours ago
Իրանում ՀՀ դեսպանը Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորներին է ներկայացրել TRIPP-ի վերջին զարգացումները
Alik / 17 hours ago
بارش باران و رعدوبرق تا پایان هفته در کشور
Alik / 17 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.