Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Euronews-ի կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում տված հարցազրույցում անդրադարձել է ոչ միայն Եվրամիությանն անդամակցելու հնարավոր ժամկետներին, այլև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, TRIPP նախագծին և Վրաստանի եվրոպական ձգտումներին։ Ինչպես տեղեկանում է ArmLur.am -ը, Euronews-ի հրապարակման համաձայն՝ Փաշինյանը հնարավոր է համարել, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնի 2027 կամ 2028 թվականին։ Նա նշել է, որ 2025 թվականի մարտին ընդունված՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նպատակներից մեկն այլընտրանք ստեղծելն է Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Վարչապետի խոսքով՝ ավանդաբար հասարակության և հարևանների շրջանում եղել է այն ընկալումը, թե Հայաստանը այլընտրանք չունի։ Փաշինյանը ԵՄ-ի հետ մերձեցումը կապել է նաև ժողովրդավարության պաշտպանության հետ։ Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը Հայաստանի համար հանգամանքներով պայմանավորված հարց չէ, այլ ռազմավարական ընտրություն։ Նա նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի անկախության տարիներին եղել է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերներից մեկը։ Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստանը ներկայումս կենտրոնացած է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության վրա, որի նպատակն է այդ գործընթացին հասնել 2029 թվականին։ Նրա խոսքով՝ դա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացման ևս մեկ կարևոր հանգրվան կլինի։ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՞ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հարցազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև Եվրամիության և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների համատեղելիությանը։ Euronews-ի փոխանցմամբ՝ վարչապետն ընդունել է, որ հասկանում է ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու միջև առկա հակասությունը, և այդ ընտրությունը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները։ Նրա խոսքով՝ կառավարության առաջնային նպատակը քաղաքացիների համար իրական այլընտրանք ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան որոշել երկրի հետագա ուղղությունը։ Ռուսաստանի հետ հարաբերություններն ու «հաջորդ Ուկրաինայի» մասին հայտարարությունը Euronews-ի լրագրողի հարցին՝ կապված Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարության հետ, թե Հայաստանը կարող է դառնալ «հաջորդ Ուկրաինան», Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի նպատակը սեփական անկախությունն ամրապնդելն ու զարգացնելն է։ «Մեր նպատակն է նոր մակարդակի բարձրացնել, զարգացնել մեր անկախությունը։ Եվ դա օրինական նպատակ է։ Ոչ ոք չի կարող սահմանափակել Հայաստանի ձգտումը՝ դառնալու ավելի անկախ և ավելի ինտեգրված երկիր»,- ասել է նա։ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերը՝ խուսափելով որևէ մեկ ուղղությունից կախվածությունից։ Նա նշել է, որ հարաբերություններում հավասարակշռության բացակայությունը միշտ ռիսկեր է պարունակում։ Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է իրավականորեն ամրագրվի Նոյեմբերի 3-ին Բրյուսելում Euronews-ին տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իրականություն է դարձել տեղում, սակայն այն անհրաժեշտ է ինստիտուցիոնալ և իրավական առումով ամրագրել։ Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է իրական խաղաղություն։ Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է երկու երկրների արտգործնախարարների կողմից, և այժմ անհրաժեշտ է այն ստորագրել ու վավերացնել։ Փաշինյանը խաղաղության ամրապնդումը կարևոր է համարել նաև Հայաստանի եվրոպական հեռանկարների տեսանկյունից՝ նշելով, որ Եվրամիությունը դժվար թե ցանկանա անդամակցել հակամարտության մեջ գտնվող երկիր։ TRIPP նախագիծն ու տարածաշրջանային հաղորդակցությունները Հայաստանի վարչապետի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Euronews-ի հարցազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը և TRIPP նախագծի իրականացմանը՝ ներկայացնելով դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները։ Վրաստանի եվրոպական ձգտումները Հարցազրույցի ավարտին Փաշինյանը խոսել է նաև Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը բոլոր ուժերով կաջակցի հարևան երկրի եվրոպական ինտեգրմանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունելու որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև Վրաստանի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու վճռականությունը։ Նա ընդգծել է, որ Վրաստանի հաջողությունը կարևոր է նաև այն առումով, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ընկալում սեփական երկրի եվրոպական հեռանկարները։ Այսպիսով, Euronews-ի հարցազրույցում Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ կառավարության մոտեցումները՝ միաժամանակ ընդգծելով, որ վերջնական ընտրությունը պետք է կատարեն քաղաքացիները։ Անի Վարդանյան