ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն ու գործարկման հարցերը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ բարեփոխումների նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ նվազեցնել մարդկային գործոնը և բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունն ու թափանցիկությունը։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտի բարեփոխումների համատեքստում իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները։ «Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները համահունչ են միջազգային զարգացումներին և միտումներին։ Մեր նպատակն է, առաջատար երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու և մարդկային գործոնը նվազեցնելու միջոցով, ձևավորել թափանցիկ, արդյունավետ ու մարդակենտրոն մաքսային համակարգ»,- նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Մաքսային ոլորտի բարեփոխումներին ուղղված նախագծերի շրջանակում, նիստի ընթացքում ներկայացվել են «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները՝ միտված մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, և քննարկվել համակարգի գործարկման հետ կապված հարցեր»։