ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Գաղափարը լավն է, եթե ճիշտ կազմակերպվի և աշխատի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է շինարարությամբ և շինաղբի տեղափոխմամբ զբաղվող «Եղոյանշին» ընկերության ղեկավար Վարդան Եղոյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետի ներկայացրած ծրագիրը։Գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ 2027 թվականին մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինաղբի համար կտեղադրվեն 100 հատ տարաներ, որոնցից 50-ը քաղաքային իշխանությունն արդեն ձեռք է բերել մրցույթով։ Ըստ քաղաքապետի՝ շինաղբի տեղափոխումը որոշակի վճար է ենթադրելու, որի չափը դեռ պետք է քննարկեն։Հաջորդ դժվարությունը, Եղոյանի կարծիքով, հանրության կարծրացած մտածելակերպն է։ Երևանցին պետք է գիտակցի, որ շինարարական աղբը չի կարելի լցնել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ։Բացի այդ, գործարարի գնահատմամբ, Ավինյանի նշած 100 տարան Երևանի համար չափազանց քիչ է. կենցաղային աղբի համար նախատեսված յուրաքանչյուր աղբամանի մոտ գոնե պետք է 1 շինաղբի տարա դրվի։ Հակառակ դեպքում շինաղբը դարձյալ կլցնեն սովորական աղբամանների մեջ։Հայաստանում շինաղբի տեղափոխման համակարգված մոտեցում չկա։ Բարեխիղճ քաղաքացիները դիմում են շինաղբի տեղափոխմամբ զբաղվող կազմակերպություններին կամ անհատներին, անբարեխիղճներն այն թափում են փողոցում, լավագույն դեպքում` լցնում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերի մեջ կամ դնում դրանց մոտ։ Անգամ խոշոր շինարակական կազմակերպություններն են իրենց շինարակական աղբը թափում արգելված վայրերում` բոլորի աչքից հեռու, և շատ հաճախ մնում են անպատիժ։«Եղոյանշին» ընկերության ղեկավարի խոսքով` շինաղբի համար նախատեսված տեղեր կա՛ն ինչպես Նուբարաշենի աղբավայրում, այնպես էլ այլ տեղերում։Շինաղբը չնախատեսված վայրում թափելու համար սահմանված է տուգանք` 30 000 դրամի չափով։ Բայց խախտումն արձանագրելը միշտ չէ, որ հնարավոր է լինում։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը քաղաքապետի հայտարարությունը մեկնաբանում է որպես նախորդ կարգավորման տապալում` հիշեցնելով, որ մինչ այդ քաղաքապետարանը շինաղբի տեղափոխումը պատվիրակել էր մասնավոր հատվածին։Ավագանու անդամի համոզմամբ, քաղաքապտարանը նախ պետք է ընդունի, որ մասնավոր ընկերությունը, որին պատվիրակել է շինարարական աղբի աղբահանությունը, իր աշխատանքը բարեխիղճ չի կատարել, և կա՛մ պայմանագիրը լուծարի և նոր մրցույթ հայտարարի, կա՛մ ԵԱՍՄ հիմնարկը զինեն համապատասխան տեխնիկայով` շինաղբի տեղափոխումը ևս ավելացնելով դրա գործառույթների մեջ։«Շինաղբը թե՛ քաղաքացիները, թե՛ տեղափոխողները, թե՛ իրենք` կառուցապատողները շատ հաճախ տանում-լցնում են Կորեայի ձորը։ Այնտեղ առաջանում է սողանք, սողանքի արդյունքում վթարվում է Երևան մտնող «Արզնի–2» ջրատարը, և ամբողջական վարչական շրջաններ այդ վթարի պատճառով ջրազրկվում են։ Այսինքն` մինչև ամբողջ Երևանում ես փորձում շինաղբի հարցը կառավարել, նախ Կորեայի ձորում ուղեփակոց դիր, մի երկու տեսախցիկ տեղադրիր, նույնականացրու, թե ովքեր են բեռնատարներով այդտեղ աղբ թափում»,– ասում է ավագանու անդամը։Ինչ վերաբերում է շինաղբի տեղափոխման համար քննարկվող վճարներին, Սուքիասյանն արձանագրում է, որ մասնավոր հիմնարկն այսօր վճարվում է քաղաքային բյուջեից, որը գոյանում է երևանցիների վճարած հարկերից ու տուրքերից։«Այսինքն` քաղաքացին արդեն վճարում է այդ մասնավորին, որ շինաղբը տեղափոխեն։ Ընդամենը պետք է այնպես անեն, որ սահմանված ժամանակում, պատշաճ կերպով շինաղբը հեռացվի։ Ու եթե քաղաքացին պետք է իր շինաղբը տեղափոխելու համար մասնավոր մեքենա վարձի, այդ դեպքում էլ քաղաքային բյուջեից ինչի համար են մասնավորին փող տալիս»,– ասում է նա։Տուգանքները խստացնելուն մեր զրուցակիցը ևս դեմ է։ Ասում է` նախ պետք է օրենքը և կարգուկանոնը խախտելու պատճառները վերացնել, հետո նոր մեծացնել տուգանքները։Ի դեպ, աշխարհի շատ երկրներում շինարարական թափոնների ոչ միայն տեղափոխման, այլև վերամշակման խնդիրը լուծելու տարբերակները վաղուց ներդրված են։ Զարգացած երկրներում դրանց վերամշակման և վերօգտագործման մակարդակը հասնում է 80-95%-ի:Շատ երկրներում շինաղբի տեղափոխումը կառուցապատող ընկերությունների պարտավորությունն է։ Խիստ վերահսկողության արդյունքում կառուցապատողները նաև վերամշակման արտադրամասեր են հիմնել` շինանյութերի կրկնակի օգտագործման և իրենց ծախսերը կրճատելու համար։ Շատ տեղերում էլ հրաժարվել են քանդման ավանդական եղանակներից, այդ թվում` պայթեցումներից։ Հին շենքերը զգուշորեն ապամոնտաժում և շինանյութն օգտագործում են ըստ նշանակության։Կանադայում, օրինակ, հին շինություններից հանված գերանները, հնաոճ աղյուսները վերավաճառվում են շինանյութի խանութներում` որպես ինտերիերի դիզայնի տարրեր։ Իսկ Ճապոնիայում շինարարական բետոնի և ասֆալտի մոտ 99%-ը ստացվում է վերամշակվող թափոններից։Այստեղ ոչ միայն շինարարական աղբն է արգելված թափել, այլև հին կահույքն ու տեխնիկան։ Դրա համար քաղաքացիները պետք է գնեն հատուկ պիտակներ, որոնք արժեն 3-20 դոլար` կախված թափոնի տեսակից, չափերից և այլն։ Փակցնեն դրանք ապրանքի վրա և նոր միայն դիմեն աղբահավաք ծառայությանը` աղբի հեռացման համար։ Պիտակի գնի մեջ ներառված է և՛ տեղափոխումը, և՛ վերամշակումը։Մեր երկրում շինարարական աղբի վերամշակման մասին խոսելն անգամ Մանուկ Սուքիասյանն ավելորդ է համարում` ասելով, որ մինչ այդ իշխանությունը պետք է նախ կենցաղային աղբը վերամշակել սովորի։Ի դեպ, շուրջ 1 տարի առաջ ԵԱՍՄ–ն իրազեկում էր տարածել` նշելով, որ հիմնարկը չի զբաղվում շինարարական աղբի աղբահանությամբ և որ շինարարական աղբը չի կարելի թափել աղբամանների մեջ, քանի որ դրանք վնասում եք համայնքային գույքը, աղբատար մեքենաները խափանվում են։ Նաև նշվում էր, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող խճաքարերի արտադրության նախկին քարհանքի չշահագործվող տարածքում առանձնացված է 10 հա մակերեսով հողամաս՝ շինարարական թափոնների կուտակման համար: