«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել։«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի վրա հարձակման օրը, Հանրայինը ոչ միայն անուշադրության մատնեց այդ օրը, այլև եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի համերգը։Չալաբյանն ընթերցեց բաց նամակ-պահանջը, որը շրջանառության մեջ էր դրվել դեռևս հոկտեմբերի 5-ին։Նամակում անդրադարձ կա նաև Հանրային հեռարձակողի կողմից ընտրությունների լուսաբանման հետ կապված խնդիրներին։ Հանրայինը, ըստ նախաձեռնության, լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։Բաց նամակի տակ ստորագրել են 300 հանրային ու քաղաքական գործիչներ։Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին Հանրային հեռարձակողի խորհրդի ընդունարան և հայտարարեցին, որ, եթե արձագանքը չբավարարի, ապա հետագայում կգնան իրավական ճանապարհով։ Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հենց ինքը՝ Թաթա Սիմոնյանն էր արձագանքել հանրային վրդովմունքին՝ ներողություն խնդրելով հանրությունից և շեշտելով, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը ցուցադրելը։ Հանրայինը մեկ օր անց ներողություն էր խնդրել, իսկ Sputnik Արմենիային ասել էր, որ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր։ Միաժամանակ Հ1–ից տեղեկացրել էին, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։Հոտկեմբերի 6–ին Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։