ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այն համոզմանն է, որ համաներումը լավագույն լուծում չէ քրեակատարողական հիմնարկներում կենցաղային հարցերը բարելավելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Գալյանի խոսքով` նախարարությունը նպատակաուղղված զարգացրել է պատժից վաղաժամկետ ազատ արձակման համակարգը, որպեսզի անհատական լուծումներ լինեն ու համոզվեն, որ այդ մարդկանց վերասոցիալականացումն ինչ–որ մակարդակի է հասել, որպեսզի այդ մարդկանց կարողանան վերադարձնել հասարակություն` առանց վախի, որ կրկնահանցագործություն կլինի։Նախարարի ներկայացրած տվյալներով` հասարակություն վերադարձած դատապարտվածների 55 տոկոսը դառնում են կրկնահանցագործներ։Նշենք, որ ՀՀ–ում ընդհանուր քրեական գործերով վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերին: Այն նվիրված էր Էրեբունի–Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին: Քրեակատարողական հիմնարկներից անմիջապես ազատ էր արձակվել ավելի քան 600 դատապարտյալ: Շուրջ 6500 անձանց մի մասի պատժաչափերը կրճատվել էին, իսկ շատերի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են (այդ թվում՝ պրոբացիայի ծառայության շահառուների)։Դրանից հետո՝ 2021 թվականին, ընդունվել է նաև մասնակի/նպատակային համաներման օրենք, որը տարածվում էր բացառապես ժամկետային զինվորական ծառայությունից և զորակոչից խուսափած անձանց վրա: Դա վերաբերում էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը (Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկը) 27 տարին լրացած և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց։