ՀԱՏԻՍ Ֆրանսիայում աշակերտական բողոքի շարժումը, դուրս գալով կրթական համակարգի խնդիրների շրջանակից, վերածւել է սոցիալական դժգոհութեան աւելի լայն ալիքի։ Կենսամակարդակի անկումը, թանկացումները, պետական ծառայութիւնների անմխիթար գնահատւած վիճակը, վառեալնութի գնաճն ու բնակարանային ճգնաժամը փողոց են հանել հասարակական տարբեր խաւերի։ Իսկ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայում հինգ խոշոր արհմիութենական համադաշնութիւններ համազգային գործադուլ են նախատեսել։ Սակայն այս զարգացումները միայն ֆրանսիական ներքաղաքական ճգնաժամի դրսեւորում չեն։ Գերմանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում եւ Իտալիայում եւս տարբեր ձեւերով արտայայտւել են կրթութեան, բնակարանային ապահովութեան եւ կենսապայմանների վերաբերեալ դժգոհութիւններ։ Եւրոպայում միասնական շարժում չկայ, բայց հասարակական դժգոհութիւնների պատճառները շատ տեղերում հատւում են։ Ֆրանսիայի պարագայում իրավիճակն աւելի զգայուն է նաեւ 2027-ի նախագահական ընտրութիւնների պատճառով։ Մակրոնի երկրորդ նախագահական ժամկէտի աւարտին ընդառաջ կառավարութեան նկատմամբ վստահութեան անկումը, աջ եւ առհասարակ ազգային համարւող ուժերի աճող ազդեցութիւնն ու քաղաքական բեւեռացումը կարող են վերափոխել երկրի քաղաքական դաշտը։ Նոյն գործընթացները տարբեր դրսեւորումներով նկատւում են նաեւ Եւրոպայի այլ երկրներում։ Ասֆալտին փռած քաղաքական ճգնաժամը Շարժումը սեպտեմբերին սկսւել է աշակերտների պահանջներով դպրոցների անմխիթար պայմանների, աշակերտների թւի համեմատ ուսուցիչների պակասի եւ բուհական ընդունելութեան համակարգում անարդարութիւնների դէմ։ Հետագայում միացել են ուսանողներ, արհմիութիւններ եւ սոցիալական տարբեր խմբեր։ Բողոքի առանցքը դարձաւ ոչ միայն կրթութեան որակը, այլեւ կենսամակարդակի անկումն ու պետութիւնից հասարակութեան սպասելիքների եւ իրականութեան միջեւ խորացող խզումը։ Հոկտեմբերի 31-ի ցոյցերին, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարութեան տւեալներով, մասնակցել է շուրջ 320 հազար մարդ։ Կազմակերպիչները մասնակիցների թիւը գնահատել են մօտ կէս միլիոն։ Ցոյցերի մեծ մասը խաղաղ է ընթացել, սակայն մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բախումներ եւ հրկիզումներ։ Իշխանութիւնների արձագանգը եւս դարձել է առանձին վէճի առարկայ։ Ոստիկանութեան գործողութիւնների ընթացքում աշակերտների ստացած ծանր վնասւածքների մասին հաղորդումները, այդ թւում՝ Լանսում 15-ամեայ աշակերտի ձեռքի անդամահատումը, հարցեր են առաջացրել բիրտ ուժի կիրառման համաչափութեան վերաբերեալ։ Միաժամանակ արձանագրւել են նաեւ ցուցարարների կողմից բռնութեան եւ գոյքի վնասման դէպքեր։ Եւրոպական քաղաքականութեան երկընտրանքը Այս զարգացումների ֆոնին բարձրացւում է նաեւ աւելի լայն քաղաքական հարցը՝ ինչպէ՞ս են եւրոպական կառավարութիւնները համադրում սոցիալական պարտաւորութիւնները, անվտանգութիւնը եւ արտաքին քաղաքական իրենց դիրքորոշումները։ «ԱԼԻՔ»-ը Ֆրանսիայի ներքին իրադարձութիւնները կապում է նաեւ Փարիզի արտաքին քաղաքականութեան հետ: Ցուցարարները մեղադրում են Մակրոնի կառավարութեանը մարդու իրաւունքների հարցում երկակի չափանիշներ կիրառելու մէջ: Հետաքրքիր զուգադիպութիւն կայ նաեւ ԶԼՄ-ների անդրադարձում մասնաւորապէս՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի գործողութիւնների նկատմամբ դիրքորոշման առումով։ Այդուհանդերձ, Ֆրանսիայի իրադարձութիւնները բացայայտում են եւրոպական քաղաքականութեան կարեւոր հակասութիւններից մէկը. արտաքին քաղաքական յաւակնութիւնները եւ ժողովրդավարական արժէքների մասին յայտարարութիւնները դժւար է տարանջատել երկրի ներսում դրանց գործնական կիրառութիւնից։ Նոյեմբերի 5-ի համազգային գործադուլը կարող է դառնալ հերթական փորձութիւնը Ֆրանսիայի իշխանութիւնների համար։ Սակայն խնդիրը միայն մէկ օրւայ ցոյցերի կամ գործադուլի արդիւնքը չէ։ 2027-ի ընտրութիւններին ընդառաջ հիմնական հարցն այն է, թէ արդեօք Եւրոպան կը կարողանայ վերականգնել հասարակական վստահութիւնը, թէ՞ սոցիալական դժգոհութիւնը կը վերածւի քաղաքական վերադասաւորման նոր ազդակի։