ԱԳ նախարար Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ինչպէս արդարացի համաձայնութեան շուրջ բանակցութիւններին, այնպէս էլ ռազմական առճակատման։ Նրա խօսքով՝ Իրանի պատրաստւածութիւնն այս անգամ աւելի մեծ է, քան նախկինում: Թուրքմենստան կատարած այցի աւարտին, ԻՌՆԱ գործակալութեան հետ զրոյցում, Արաղչին նշել է, որ Կատարի եւ Պակիստանի միջնորդութեամբ ԱՄՆ-ի հետ միջնորդաւորւած բանակցութիւնների շուրջ խորհրդակցութիւնները շարունակւում են։ Կողմերը հեռախօսազրոյցներ են ունենում եւ պատգամներ փոխանակում։ Նախարարի խօսքով Իրանը ներկայացրել է իր պայմաններն ու բանակցային առաջարկը, իսկ հետագայ ընթացքը կախւած է Վաշինգտոնի քաղաքական ընտրութիւնից։ Նա զգուշացրել է, որ ռազմական նոր յարձակման դէպքում Իրանի պատասխանը կը լինի աւելի ծանր։ Արաղչին Հորմոզի նեղուցի վերաբացումը կապել է Իրանի պայմանների ընդունման հետ, նշելով, որ այդ դէպքում կը վերսկսւեն նաեւ բանակցութիւնները։ «Հակառակ պարագայում ներկայ իրավիճակը կը պահպանւի»,- նշել է նա։ Անդրադառնալով արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններին նա շեշտել է հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդման կարեւորութիւնը։