Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է , որ երկրի գերագույն առաջնորդը լրացուցիչ լիազորություններ է փոխանցել կառավարությանը՝ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու և տարածաշրջանային հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ըստ IRNA գործակալության՝ Թեհրանը ձգտում է առկա խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով և երկխոսությամբ։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ ներկայում Վաշինգտոնի հետ հաղորդագրությունների փոխանակումն ու շփումներն իրականացվում են միջնորդների (մասնավորապես՝ Կատարի) միջոցով։ Թեհրանում ընդգծում են, որ պատրաստ են վերադառնալ իրավական ձևաչափերին և միջազգային համաձայնագրերի քննարկմանը, եթե ԱՄՆ-ն հարգի Իրանի իրավունքներն ու պահանջները։ Միջնորդավորված բանակցությունների հիմնական օրակարգում են ռազմական գործողությունների դադարեցումը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասնակի չեղարկումը և սառեցված ակտիվների ապասառեցումը։ Չնայած դիվանագիտական ալիքների ակտիվացմանը՝ Թեհրանը հայտարարում է, որ չի հանձնվելու և ակնկալում է գործնական փոխադարձ քայլեր Վաշինգտոնից։