Երևանում երկու անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դեպքերը տեղի են ունեցել Խանջյան և Փարպեցի փողոցներում։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյոնքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Գ.Թ․-ն Երևանի Խանջյան փողոցում վարել է «Կիա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ չունենալով տրանսպորտային միջոցը վարելու իրավունք՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո։ Բացի այդ, Գ․Թ․-ն նույն արարքը կատարել է նաև սեպտեմբերի 29-ին՝ Երևանի Փարպեցի փողոցում վարելով «Տեսլա» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ․Թ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) (2 դրվագ)։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գ․Թ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։