ԱՊՀ ինստիտուտի տնօրեն և Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը համաձայն չէ այն մտքի հետ, որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը․ գրում է Московский Комсомолец -ը։ Ես բազմիցս քննադատել եմ մեր գործողությունները կամ անգործությունը Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ 2020 թվականի դեպքերի առումով։ Ես դեռևս կարծում եմ, որ մենք չկարողացանք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ կանխելու համար պատերազմը, որը հանգեցրեց ազգային ողբերգության՝ Լեռնային Ղարաբաղի կորստի և հայ բնակչության զանգվածային արտագաղթի իրենց պատմական հողերից , նշել է պատգամավորը։ Ինձ համար սա անձնական ողբերգություն է, թեկուզ միայն այն պատճառով, որ իմ ընկերներն ու գործընկերները, ըստ էության, գերի են վերցվել ու այժմ բանտում են և դատապարտված են ադրբեջանական դատարանի կողմից , նշել է Զատուլինը։ Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեղքը հավասարապես ընկնում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի վրա։ Զատուլինն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ղեկավարն իր ներկայիս քաղաքական կուրսը պատահականորեն կամ 2020 թվականի դեպքերի ազդեցության տակ չի ընդունել։ Սա միտումնավոր ուղի է, որն ընտրել է մի քաղաքական գործիչ, որն իր ամբողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային ավելի մոտենալու ցանկության, կամ, առնվազն, Հայաստանի կողմնորոշումը փոխելու և իր ամբողջ հայկական անցյալից հրաժարվելու վրա , կարծում է ռուս պաշտոնյան։ Այս ամենի միակ դրական կողմը, ըստ պատգամավորի, այն է, որ այսօր Ռուսաստանում՝ բոլոր մակարդակներում՝ թե՛ փորձագիտական, թե՛ պաշտոնական, կա լիակատար վստահություն և պարզություն Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների և դրանց հետևանքով Ռուսաստանի Դաշնության գործողությունների վերաբերյալ։ Զատուլինը Երևանի վարքագիծն անվանել է դավաճանություն ռազմական գործողությունների շրջանում ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ կայացնելու է այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում սեփական տնտեսության և Եվրասիական միության զարգացման համար։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար։ Ցավոք, նա միայնակ չի պատասխան տալիս. նա պատասխան է տալիս ամբողջ Հայաստանի հետ միասին , նշել է ԱՊՀ ինստիտուտի տնօրենը։