Ֆլորիդայում կործանված գործարար դասի ինքնաթիռի օդաչուն ողբերգությունից քիչ առաջ օդային երթևեկության կարգավարներին հայտնել է անձրևի և սառցակալման պայմանների մասին, իսկ այնուհետև ազդանշան է տվել վտանգի մասին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ռադիոկապի ձայնագրությունները։ Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտնել էր Ֆլորիդայի Պալմ Բիչ շրջանում գործարար դասի ինքնաթիռի կործանման մասին՝ նշելով, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են։ Օդանավը թռիչք էր կատարել Տեխաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։ «Աղետից քիչ առաջ օդաչուն տեղեկացրել է թռիչքների կառավարման ծառայությանը, որ ինքնաթիռը գտնվում է այնպիսի գոտում, որտեղ դիտվում են անձրև, սառցակալում և չափավոր տուրբուլենտություն։ Օդաչուն հարցրել է՝ արդյոք կարող է բարձրանալ 37 000 ֆուտ (մոտ 11,3 կմ) բարձրության վրա, սակայն հետագայում թռիչքների կառավարման ծառայությանը հայտնել է արտակարգ իրավիճակի մասին», — հայտնում է թերթը։ Պարբերականը նշում է, որ ձայնագրություններում լսվել են օդանավի հրամանատարի բղավոցները այն պահին, երբ ինքնաթիռը սկսել է սրընթաց անկում կատարել։