Իրանի և նրան դաշնակից խմբավորումների հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն 26 ռազմական օբյեկտ է վնասվել՝ Վաշինգտոնի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին վեց ամիսների ընթացքում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է Associated Press գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ մինչև օգոստոսի վերջ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ավելի քան 115 հարվածի հետևանքով ավերածություններ են արձանագրվել ԱՄՆ-ի 26 ռազմաբազայում և ամերիկյան ռազմական տեխնիկա տեղակայված այլ օբյեկտներում։ AP-ի հետաքննության համաձայն՝ իրանական հարվածների պատճառով ԱՄՆ-ը ստիպված է եղել էապես վերանայել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և Պարսից ծոցի երկրներից դուրս բերել ռազմական միջոցների մի մասը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և օդանավեր։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնել էր, որ Իրանի հարվածների հետևանքով վնասվել է առնվազն 274 կառույց՝ 24 օբյեկտում։ Պարբերականի տվյալներով՝ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը։ Այդ գումարը չի ներառում ռազմաբազաներին հասցված վնասը, որը Պենտագոնը գնահատել է առնվազն 5 միլիարդ դոլար։