«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Ազգային ժողովի պատգամավորների կենսագրություններն ու ներկայացրած գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Խաչատրյանն է։ Մինչև խորհրդարան հասնելը նա զինվորական ծառայություն է անցել, մասնակցել միջազգային խաղաղապահ առաքելությունների, աշխատել պաշտպանության համակարգում, զբաղվել մանկավարժությամբ, եղել համայնքի ավագանու անդամ, իսկ ավելի ուշ՝ Արարատի մարզպետի տեղակալ։ Իսկ ո՞վ է Վլադիմիր Խաչատրյանը, և ի՞նչ անցյալ ունի մինչև պատգամավոր դառնալը Վլադիմիր Խաչատրյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Նրա մասնագիտական ուղին սկսվել է զինվորական ծառայությունից։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, իսկ 2007-2012 թվականներին պայմանագրային զինծառայող է եղել Պաշտպանության նախարարության համակարգում։ Խաչատրյանը մասնակցել է նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների․ 2008 թվականին՝ Կոսովոյում, իսկ 2010-2011 թվականներին՝ Աֆղանստանում՝ ISAF-2 առաքելության կազմում։ Նա նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։ Զինվորական ծառայությունից հետո Խաչատրյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ 2017 թվականին ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ մարզչական-մանկավարժական ֆակուլտետը։ 2018-2019 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի, իսկ 2021-2022 թվականներին՝ Հայանիստի միջնակարգ դպրոցներում՝ որպես ուսուցիչ։ 2012 թվականին հիմնադրել է «Մարտական կարատեի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը։ Նրա գործունեությունը կապված է եղել նաև համայնքային և պետական կառավարման համակարգերի հետ։ 2013-2021 թվականներին եղել է Սայաթ-Նովա համայնքի ավագանու անդամ։ 2015-2022 թվականներին աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անվտանգության համակարգում։ 2022 թվականի հունվարի 14-ից նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև պատգամավոր ընտրվելը։ 2024 թվականին ավարտել է Հանրային կառավարման ակադեմիայի պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտության մագիստրոսական ծրագիրը՝ ստանալով կառավարման մագիստրոսի որակավորում։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Այժմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Խաչատրյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։ Ի՞նչ ունեցվածք ունի պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Վլադիմիր Խաչատրյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը, որը նա ներկայացրել է 2026 թվականի մայիսի 30-ին՝ դեռևս Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Անշարժ գույք Հայտարարագրի համաձայն՝ Խաչատրյանն ունի երեք անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան է, որը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ գնման եղանակով։ Բնակարանը նրա համատեղ սեփականությունն է։ Երկրորդը Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող բնակելի տուն է՝ հողամասով և օժանդակ շինություններով։ Այն Խաչատրյանի 25 տոկոս բաժնային սեփականությունն է։ Գույքը ձեռք է բերվել 2002 թվականի հունվարի 1-ին՝ այլ եղանակով։ Երրորդ անշարժ գույքը նույնպես Մասիս քաղաքում է՝ հասարակական նշանակության շինություն, որը ձեռք է բերվել 2019 թվականի հունվարի 1-ին՝ գնման եղանակով։ Այն նույնպես համատեղ սեփականություն է։ ArmLur.am-ը արձանագրեց,որ 2025 թվականի ընթացքում հայտարարատուի անշարժ գույքի ցանկում փոփոխություններ չեն արձանագրվել․ նա նոր գույք չի ձեռք բերել և առկա գույքից որևէ մեկը չի օտարել։ Ավտոմեքենա Խաչատրյանը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Մեքենան առկա է եղել նաև հաշվետու տարվա ավարտին։ Դրամական միջոցներ 2025 թվականի սկզբին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 95 դրամ, իսկ տարեվերջին՝ 714 հազար 358 դրամ։ ArmLur.am -ը արձանագրեց, որ կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 10 միլիոն 700 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն 950 հազար դրամ։ Այսինքն՝ հայտարարագրում ներկայացված տվյալներով՝ տարվա ընթացքում կանխիկ գումարի մնացորդը նվազել է 6 միլիոն 750 հազար դրամով։ Եկամուտներ 2025 թվականի ընթացքում Վլադիմիր Խաչատրյանի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր 18 միլիոն 971 հազար 240 դրամ։ Դրանցից 12 միլիոն 565 հազար 103 դրամը եղել է Արարատի մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձը։ 3 միլիոն 41 հազար 137 դրամը կազմել է ֆինանսների նախարարությունից ստացած եկամտային հարկի վերադարձը։ Բացի այդ, նա հայտարարագրել է վարձակալությունից ստացված մի քանի եկամուտ։ Մասնավորապես՝ անհատ ձեռնարկատեր Ստյոպա Ժորայի Ղալեչյանից ստացել է 900 հազար դրամ, Մարիամ Սաֆարյանից՝ 560 հազար դրամ, Աիդա Վլադիմիրի Առաքելյանից՝ 700 հազար դրամ, անհատ ձեռնարկատեր Մասիս Վլադիմիրի Բաղդասարյանից՝ 800 հազար դրամ, իսկ Ալիկ Մանվելի Սաֆարյանից՝ 405 հազար դրամ։ Այսպիսով, վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է ընդհանուր 3 միլիոն 365 հազար դրամ։ Վարկեր և փոխառություններ ArmLur.am- ը պարզեց, որ Խաչատրյանի հայտարարագրում առկա են նաև զգալի վարկային պարտավորություններ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 71 միլիոն 697 հազար 625 դրամ։ Այդ գումարը ձևավորվել է ինը վարկային պարտավորություններից, որոնց մնացորդները տարբեր չափերի են՝ 4 միլիոն 980 հազար 568 դրամ, 438 հազար 503 դրամ, 463 հազար 502 դրամ, 227 հազար 501 դրամ, 795 հազար դրամ, 3 միլիոն 8 դրամ, 27 միլիոն 760 հազար 480 դրամ, 33 միլիոն 585 հազար 83 դրամ և 446 հազար 980 դրամ։ Ծախսեր 2025 թվականի ընթացքում Խաչատրյանը վարկերի մարման համար ծախսել է 13 միլիոն 502 հազար 564 դրամ։ Անշարժ գույքի վերանորոգման ծախսերը կազմել են 8 միլիոն դրամ։ Կապեր և անդամակցություններ Հայտարարագրում Խաչատրյանը նշել է իր անդամակցությունը «Մարտական կարատեի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, որտեղ հանդես է գալիս որպես ուսուցիչ-մարզիչ։ Նա նաև «Համահայկական սիամական բռնցքամարտի ազգային ֆեդերացիա» կազմակերպության հիմնադիր անդամ է։ Բացի այդ, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահը։ Այսպիսով, 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Վլադիմիր Խաչատրյանն ունեցել է երեք անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, տարեվերջին՝ 3 միլիոն 950 հազար դրամ կանխիկ գումար և 714 հազար 358 դրամ բանկային հաշվի մնացորդ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 18 միլիոն 971 հազար 240 դրամ, իսկ ստացած վարկերի ու փոխառությունների մնացորդը՝ 71 միլիոն 697 հազար 625 դրամ։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրեց պատգամավորի՝ պաշտոնավարման վերջին տարվա հայտարարագրում առկա տվյալները։ Ա․ Վարդանյան