2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու նախաձեռնության մասին հայտնի էր դեռ 2024 թվականի հունիսից։ Չնայած դրան՝ Վանաձորի մարզադաշտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման պայմանագիրը կնքվել է միայն 2025 թվականի նոյեմբերին, իսկ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում նոր մարզադաշտի նախագծման պայմանագիրը՝ 2026 թվականի հուլիսին։

Երկուսն էլ կնքվել է «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով՝ առանց բաց մրցույթի։ Երկու դեպքում էլ ընտրվել է սլովակյան «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերությունը։ Մարզադաշտերի նախագծման պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 442 մլն 193 հազար 371 դրամ։ Սակայն ընկերության ներգրավվածությունը նախագծմամբ չի սահմանափակվում։ Կառավարությունը որոշել է նույն ընկերությանը վստահել նաև երկու մարզադաշտերի շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպումը՝ կրկին «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Ընկերությունն արդեն ներկայացրել է 52 մլն 205 հազար 606 եվրոյի նախնական գնային առաջարկ, որը չի ներառում ԱԱՀ-ն, ներմուծման հարկերն ու տուրքերը։

Այսպիսով՝ ինչո՞ւ է Կառավարությունը մարզադաշտերի նախագծման և շինարարության կազմակերպման գնումները համարել անհետաձգելի, եթե ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտության մասին հայտնի էր ավելի քան երկու տարի առաջ։

Factor TV-ն ուսումնասիրել է Կառավարության որոշումները, պայմանագրերը, դրանց փոփոխությունները և ընտրված ընկերության վերաբերյալ հրապարակային տեղեկությունները։

Դեռ 2023 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրվել էր, որ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող երեք մարզադաշտ, որոնցից մեկը՝ ազգային։ Սակայն այդ ծրագրով մարզային երկու մարզադաշտերի կառուցման կոնկրետ տեղանքները սահմանված չէին. փաստաթղթում ամրագրված չէր, որ դրանք պետք է կառուցվեն հենց Վանաձորում և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում։ Այս վայրերը որոշվել են ավելի ուշ։

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ երկու մարզադաշտերի շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպվելու է «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով նույն ընկերության կողմից։

Կառավարությունն անհետաձգելի է համարել Վանաձորի մարզադաշտի կառուցման և վերակառուցման, Գետահովիտի նոր մարզադաշտի շինարարական աշխատանքների ձեռքբերման կազմակերպման, ինչպես նաև այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման պահանջը։

Որոշմամբ նախատեսվում է, որ աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպման պայմանագիրը «ՎենյուԷրա Հոլդինգ»-ի հետ կնքվելու է եռակողմ՝ ԿԳՄՍ նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և ընկերության միջև։

Ընկերությունը հանդես է գալու որպես շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպիչ։ Իսկ անմիջական շինարարությունն իրականացնող ընկերություններն ու նրանց ներկայացվող պահանջները պետք է նախապես գրավոր համաձայնեցվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ։

Ըստ Կառավարության որոշման հիմնավորման՝ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ը երկու մարզադաշտերի կառուցման և վերակառուցման աշխատանքների կազմակերպման համար ներկայացրել է 52 մլն 205 հազար 606 եվրոյի նախնական գնային առաջարկ։ Դրանից․

Նշված գումարը չի ներառում ավելացված արժեքի հարկը, ներմուծման հարկերն ու տուրքերը։ Այն ընկերության նախնական առաջարկն է, ոչ թե պետական բյուջեից արդեն հատկացված կամ վճարված գումար։

Կառավարության որոշմամբ սահմանվել է նաև, որ ընկերության գործակալական վճարը կարող է կազմել շինարարական աշխատանքների գնի մինչև 12%-ը։ Գործակալական վճարը առանձին վարձատրությունն է շինարարական աշխատանքների ձեռքբերման և կազմակերպման գործընթացն իրականացնելու համար։

Բացի այդ, ընկերությանը կարող է տրամադրվել մինչև 7 մլն 457 հազար 944 եվրոյի կանխավճար։

Պայմանագրի իրական արժեքը վերջնական որոշվելու է փորձաքննված և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և չպետք է գերազանցի սկզբնական պայմանագրային գինը։

Շինարարության կազմակերպման գնումն անհետաձգելի է ճանաչվել այն դեպքում, երբ մարզադաշտերի կառուցման անհրաժեշտությունն (տեղանքը նշված չէ) ամրագրված էր դեռ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024–2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» որոշմամբ։

Դրանով ամրագրվել էր, որ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան երեք մարզադաշտ, որոնցից մեկը՝ ազգային։ Մարզադաշտերի կառուցման համար պատասխանատու գերատեսչությունը ԿԳՄՍ նախարարությունն է։

Ռազմավարությամբ նախատեսված էր, որ ազգային մարզադաշտը կտեղակայվի «Ակադեմիական քաղաքի» հարևանությամբ, իսկ մյուս երկու՝ ավելի փոքր մարզադաշտերը՝ մարզերում։

Դրանից ամիսներ անց՝ 2024 թվականի հունիսին, Հայաստանն ու Վրաստանը հայտարարեցին ՖԻՖԱ-ի՝ 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը համատեղ հյուրընկալելու հայտի մասին։ Հրապարակայնորեն հայտարարվեց նաև, որ նախաձեռնությունը ստացել է ՈՒԵՖԱ-ի աջակցությունը։

2024 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2029 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան երեք մարզադաշտեր։

«Հիմա մենք խնդիր ունենք մինչև 2029 թ․, որը շատ լավ առիթ է մեզ համար (խմբ․ նկատի ունի ՖԻՖԱ-ի առաջնությունը), հանրապետությունում երեք մարզադաշտ պիտի կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն իրականացնելու չափանիշներին»,- ասել էր վարչապետը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնել էր, որ քննարկվում է Վանաձորում գործող մարզադաշտի վերակառուցման և Իջևանում նոր մարզադաշտ ունենալու հնարավորությունը։

Նախարարը նաև հայտարարել էր, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող 35 հազար տեղանոց Ազգային մարզադաշտը պետք է պատրաստ լինի 2029 թվականին։

2026 թվականի հունիսի 25-ի Կառավարության նիստի հաղորդագրությունում, 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության նախապատրաստական աշխատանքների համատեքստում, հիշատակվել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող 35 հազար տեղանոց ազգային մարզադաշտը։

Սակայն Գետահովիտի մարզադաշտի նախագծմանը վերաբերող հիմնավորումից պարզ է դառնում, որ ազգային մարզադաշտի հիշատակումը վերաբերում է դեռ 2023 թվականին հաստատված՝ երեք մարզադաշտ կառուցելու պետական ռազմավարությանը։ Փաստաթղթում չի նշվում, որ ազգային մարզադաշտը պետք է պատրաստ լինի մինչև 2029 թվականը կամ ընդունի աշխարհի երիտասարդական առաջնության հանդիպումները։

2026 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ էլ հաստատված «Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգով» ազգային մարզադաշտի կառուցումը ներառված է ծրագրի 2030–2034 թվականների իրականացման փուլում։

ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ ազգային մարզադաշտի շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել։

Այսպիսով՝ Կառավարությունը երեք մարզադաշտ ունենալու անհրաժեշտությունն ամրագրել էր մինչև 2029 թվականի առաջնության անցկացման նախաձեռնության մասին հայտարարությունը։ Իսկ արդեն 2024 թվականին հրապարակայնորեն խոսվում էր դրանք մինչև առաջնությունը կառուցելու անհրաժեշտության մասին։

Վանաձորի մարզադաշտի կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեն «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել 2025 թվականի նոյեմբերի 24-ին։

Պայմանագրի կնքումից ավելի քան երեք ամիս առաջ՝ օգոստոսի 7-ին, Կառավարությունը նախագծման ծառայության գնումն անհետաձգելի էր ճանաչել՝ թույլատրելով այն կազմակերպել «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։

ԿԳՄՍ նախարարությունը նախագծման համար գնային առաջարկներ էր ստացել «The Stadium Consultancy B.V.» և «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերություններից։

Երկուսի հետ էլ բանակցելուց հետո նախարարությունն ընտրել էր ավելի ցածր գնային առաջարկ ներկայացրած «ՎենյուԷրա Հոլդինգ»-ին։ (Ընկերությունների հայտերը և դրանց ֆինանսական առաջարկները չեն հրապարակվել)։

Հատկանշական է, որ Կառավարության 2025 թ․ օգոստոսի որոշման հիմնավորման մեջ արձանագրված էր, որ ժամանակի սղության պայմաններում շինարարությունը լավագույն դեպքում պետք է սկսվի 2026թ․ հունիսի կեսերին։ Մինչդեռ նախագծման աշխատանքները մեկնարկել են 2025թ․ նոյեմբերին և դեռևս շարունակվում է։

Վանաձորի մարզադաշտի նախագծման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 593 հազար 40 եվրո։

2025 թվականի դեկտեմբերի 17-ի համաձայնագրով պայմանագրի դրամային արժեքը սահմանվել է 264 մլն 365 հազար 371 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Պայմանագրով նախագծման աշխատանքների համար սահմանվել էր 270 օրացուցային օր։ Դրանք պետք է ավարտվեին 2026 թվականի օգոստոսին, սակայն սահմանված ժամկետում չեն ավարտվել։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ նախագծման ժամկետը սեպտեմբերի 30-ին երկարաձգվել է, իսկ այժմ նախագիծը հանձնման փուլում է։ Փոխվել է նաև ընկերության վճարումների փուլային կարգը։

Սկզբնական պայմանագրով նախագծի էսքիզային տարբերակի ընդունումից հետո նախատեսված էր վճարել պայմանագրի արժեքի 25%-ը, իսկ մնացած ֆինանսավորումը կապվում էր քաղաքաշինական փորձաքննությունների դրական եզրակացությունների հետ։

Սակայն 2026 թվականի օգոստոսի 20-ի № 4 համաձայնագրով սահմանվել է ևս մեկ միջանկյալ վճարում։ Ըստ փոփոխության՝ «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի արդյունքները պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո ընկերությանը կարող է վճարվել պայմանագրի արժեքի ևս 38%-ը։

Այսպիսով, նախատեսվել է պայմանագրային գումարի լրացուցիչ մասնաբաժին վճարելու հնարավորություն մինչև փորձաքննությունների ամբողջական ավարտը։ Փոփոխությունը կատարվել է Վանաձորի նախագծման պայմանագրի սկզբնական 270-օրյա ժամկետի հաշվարկային ավարտին մոտ՝ 2026 թվականի օգոստոսի 20-ին։ Մինչդեռ Վանաձորի քաղաքային մարզադաշտը նախկինում արդեն հիմնանորոգվել էր։

Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնից Factor.am-ին փոխանցեցին, ՀՖՖ-ի միջոցներով իրականացվող ֆուտբոլի քաղաքային մարզադաշտի աշխատանքերը սկսվել են 2018 թ․ և ավարտվել 2022 թվականին։

ՀՖՖ-ի 2018 թ․ պաշտոնական զեկույցը հաստատում է, որ աշխատանքները սկսվել էին ավելի վաղ՝ 2017թ․-ին։ 2023 թվականի օգոստոսի 28-ին մարզադաշտ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել էին ՀՖՖ-ի միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքները։

Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ ժամանակ արդեն քննարկվում էր լրացուցիչ տրիբունաներ կառուցելու և նստատեղերի թիվն ավելացնելու հնարավորությունը։

Հատկանշական է, որ ընդամենը երկու տարի անց՝ 2025 թվականի օգոստոսին, Վանաձորի մարզադաշտի նախագծային աշխատանքները «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով կազմակերպելու մասին Կառավարության որոշման հիմնավորման մեջ նախկինում հիմնանորոգված և 3000 նստատեղով մարզադաշտն արդեն բնութագրվում էր որպես «հին չշահագործվող մարզադաշտ»։

Նոր ծրագրով նախատեսվում է ոչ միայն վերակառուցել մարզադաշտը, այլև կառուցել նոր նստատեղերի հատված։ Արդյունքում՝ մարզադաշտի նստատեղերի քանակը նախատեսվում է 3000-ից հասցնել 11 000-ի՝ համապատասխանեցնելով այն ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին: Սա ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային մարզադաշտերի ենթակառուցվածքային ամենաբարձր կատեգորիան է։

ՈՒԵՖԱ-ի 2-րդ և 4-րդ կատեգորիաների մարզադաշտերի հիմնական տարբերությունները վերաբերում են նստատեղերի քանակին, լուսավորությանը, անվտանգությանը և ենթակառուցվածքներին։ Օրինակ՝ եթե 2-րդ կատեգորիայի համար պահանջվում է առնվազն 1 500 նստատեղ, ապա 4-րդի դեպքում՝ 8 000։ Հեռարձակման տեխնիկայի համար նախատեսված տարածքը 400-ից հասնում է 1 000 քմ-ի:

2025 թվականի սեպտեմբերի 25-ին էլ ՀՀ կառավարության որոշմամբ պետությունն ընդունել է Վանաձորի՝ Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցք, 20 հասցեում գտնվող գույքի և 3.4842 հեկտար հողատարածքի նվիրաբերությունը։

Որոշման հիմնավորման համաձայն՝ այդ հասցեում գտնվող 3045.6 քմ մարզադպրոցը, պահակատունը, պոմպակայանը և հարակից այլ շինությունները պատկանել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, իսկ 3.4842 հեկտար հողատարածքը՝ Վանաձոր համայնքին։

Գույքն ամրացվել է ԿԳՄՍ նախարարությանը, իսկ մարզադաշտը հետագայում նախատեսվում է անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին, որը գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։

Իջևան համայքում գտնվող Գետահովիտի մարզադաշտի նախագծման գործընթացը մեկնարկել է ավելի ուշ։

2026 թվականի հունիսի 25-ին Կառավարությունն այս մարզադաշտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնումը ևս ճանաչել է անհետաձգելի։ Հուլիսի 23-ին Քաղաքաշինության կոմիտեն պայմանագիրը կնքել է կրկին «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ 177 մլն 828 հազար դրամով, ներառյալ ԱԱՀ-ն։

Գետահովիտի մարզադաշտի նախագծման պայմանագրի ընդհանուր տևողությունը սահմանվել է 180 օրացուցային օր։ Ընկերությունը պետք է իրականացնի «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերը՝ համապատասխանաբար 60 և 120 օրում։

Գետահովիտի մարզադաշտի համար հողատարածքների ձեռքբերման գործընթացը նույնպես սկսվել էր մինչև նախագծման պայմանագրի կնքումը։

2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Կառավարությունը պահուստային ֆոնդից 329 մլն 855 հազար դրամ էր հատկացրել Գետահովիտում մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ 20 մասնավոր սեփականատերերի հողամասերի ձեռքբերմանը։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմել է 6.5971 հեկտար։

2026 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ նախատեսվել է ձեռք բերել ևս երեք մասնավոր հողամաս՝ 1.155 հեկտար ընդհանուր մակերեսով։ Դրանց սեփականատերերը համաձայնել են վաճառել հողամասերը՝ 1 մ²-ն՝ 5000 դրամով։ Այս նպատակով նախատեսվել է ևս 57 մլն 750 հազար դրամ։

Այսպիսով՝ երկու որոշումներով նախատեսվել է ձեռք բերել ընդհանուր 23 հողամաս՝ 7.7521 հեկտար։ Դրանց ձեռքբերման համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 387 մլն 605 հազար դրամ։

2026 թվականի հոկտեմբերի 1-ի Կառավարության նոր որոշման հիմնավորման համաձայն՝ բոլոր 23 հողամասերն արդեն ձեռք են բերվել։

Վանաձորի և Գետահովիտի մարզադաշտերի նախագծման երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 442 մլն 193 հազար 371 դրամ։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 12-ին հայտնել է, որ Վանաձորի և Գետահովիտի մարզադաշտերը դեռ նախագծման փուլում են։ Նախարարության ներկայացմամբ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը պետք է անցնեն քաղաքաշինական և պետական համալիր փորձաքննություններ, իսկ շինարարությունը կտևի 24 ամիս։

Մարզադաշտերը պետք է համապատասխանեն ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին (ՈՒԵՖԱ-ի սահմանած ամենաբարձր չափանիշը) և փորձարկված լինեն 2029 թվականի առաջնությունից առնվազն վեց ամիս առաջ։

Քանի որ առաջնությունը նախնական տվյալներով նախատեսվում է 2029 թվականի սեպտեմբերին, նախարարությունը որպես մարզադաշտերի պատրաստվածության անհրաժեշտ ժամկետ նշում է 2029 թվականի մարտը։

Այդ ժամկետին հասնելու համար 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ մնացել է մոտ 30 ամիս։

Սակայն նախարարության բացատրությունը չի պարզաբանում գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է պետությունը հասել ժամկետների այսպիսի սղության, եթե երկու մարզադաշտերի կառուցման անհրաժեշտության մասին խոսվում էր դեռ 2024 թվականի հունիսին։

ՀՀ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը նաև թույլ է տալիս սահմանված պայմանների առկայությամբ բաց մրցույթ անցկացնել հայտերի ներկայացման առնվազն 10-օրյա ժամկետով։

Այդ հնարավորությունը վերաբերում է իրավիճակներին, երբ արտակարգ կամ չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացել է անհետաձգելի պահանջ, սովորական մրցույթի ժամկետները պահպանելն անհնար է, իսկ գնման անհրաժեշտությունը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

Միաժամանակ, օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով մեկ անձից գնում թույլատրվում է, երբ անհետաձգելի պահանջը պայմանավորված է արտակարգ կամ չնախատեսված իրավիճակով, և այլ գնման ձևերի կիրառումը ժամկետների առումով անհնար է։ Այսինքն՝ անհետաձգելիությունը ինքնին չի նշանակում, որ գնումը պարտադիր պետք է կազմակերպվի մեկ անձից։ Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ Կառավարությունը չի կիրառել մրցակցային ընթացակարգ, այդ թվում՝ օրենքով նախատեսված կրճատված ժամկետով բաց մրցույթի հնարավորությունը։

Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ հնարավոր էր մրցույթ կազմակերպել։

«Ժամանակը բավական էր մրցույթ կազմակերպելու և իրականացնելու համար։ Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ներկա Կառավարությունը նման խոշոր գործարքների դեպքում շատ է օգտագործում մեկ անձից գնման եղանակը։ Դա կամ պլանավորման խնդիր է՝ չեն կարողանում պլանավորմամբ զբաղվել, կամ չեն ուզում»,- նշում է Քյուրումյանը։

Նա նաև ընդգծում է, որ մրցույթի դեպքում պատվիրատուն հնարավորություն է ստանում համեմատելու տարբեր գնային առաջարկներ։

«Երբ մրցույթ ես կազմակերպում, տարբեր գնային առաջարկներ ես ունենում և պատկերացնում ես՝ ինչի մասին է խոսքը։ Այս դեպքում տարբեր գնային առաջարկներ չես ունենում։ Մի գնի վերաբերյալ լավագույն դեպքում կարող ես բանակցել։ Մրցույթի դեպքում, եթե չորս-հինգ կազմակերպություն է մասնակցում, դու գնային ամբողջ սպեկտրը տեսնում ես, իսկ մի կազմակերպության դեպքում դա չկա»,- ասում է Քյուրումյանը։

2026 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Կառավարությունը նախնական համաձայնություն է տվել, որ մարզադաշտերի որոշ գնումների հրավերներում նշվի, որ դրանք կազմակերպվում են հանրային շահի ապահովման նպատակով։

«Գնումների մասին» օրենքի 46.1-րդ հոդվածն էլ սահմանում է, որ գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակում է տեղեկություն՝ գործընթացը հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:

Այսինքն՝ Կառավարությունը այս որոշմամբ հնարավորություն է ստեղծել, որ գնումների գործընթացը հնարավոր բողոքարկումների հետևանքով չկասեցվի։ Հատկանշական է, որ այս ընթացակարգը գործում է ոչ միայն «Հրատապ մեկ անձից» գնման եղանակով, այլ նաև կարող է կիրառվել նաև մրցակցային գնումների դեպքում։

ՀՀ կառավարության՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտի նախագծման վերաբերյալ որոշման հիմնավորման համաձայն՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության նախագծերից են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա», Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» և Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Գազպրոմ Արենա» մարզադաշտերը։

Ըստ «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության պաշտոնական կայքի՝ այն հիմնականում զբաղվում է մարզադաշտերի և մարզական համալիրների տեխնոլոգիական ապահովմամբ։ Ընկերությունը նախագծում և ներդնում է LED էկրաններ, էլեկտրոնային ցուցատախտակներ, ձայնային, հեռարձակման, ինտերնետային և մուտքի վերահսկման համակարգեր։ Այն նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ, իրականացնում նախագծերի բյուջետային գնահատում, աջակցում գնումների կազմակերպմանը և տեխնոլոգիական նախագծերի կառավարմանը։

Հատկանշական է, որ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ն իր պաշտոնական կայքում նշված երեք մարզադաշտերը ներկայացնում է «Մեր հաճախորդներն ու գործընկերները» բաժնում։ Սակայն ընկերությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է կատարել այդ մարզադաշտերում։

Factor.am-ի ուսումնասիրած բաց աղբյուրներով չի հաստատվում, որ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ը եղել է նշված երեք մարզադաշտերից որևէ մեկի ամբողջական նախագծողը կամ կառուցապատողը։

Մասնավորապես, Բուդապեշտի «Պուշկաշ Արենան» նախագծել է հունգարական KÖZTI Architects ընկերությունը, իսկ կառուցել են Magyar Építő-ն և ZÁÉV-ը։ Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթիի» նախագծողը բրիտանական Arup ընկերությունն է, իսկ գլխավոր շինարարները՝ BESIX/Six Construct-ը և Al Muhaidib-ը։ Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայի» սկզբնական նախագծի հեղինակը ճապոնացի ճարտարապետ Կիշո Կուրոկավան է, իսկ շինարարությունն իրականացրել են ռուսական ընկերություններ։

Միաժամանակ, «Գազպրոմ Արենայում» LED էկրանների տեղադրման աշխատանքներ է կատարել ColosseoEAS ընկերությունը, որի նախկին գլխավոր տնօրեն Յան Յենցան ներկայում «ՎենյուԷրա Հոլդինգ»-ի գործադիր տնօրենն է։ Սակայն դա չի հաստատում հենց «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության մասնակցությունը մարզադաշտի նախագծման կամ շինարարության աշխատանքներին։

Ուսումնասիրված բաց աղբյուրներում չի հաջողվել գտնել պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր, որոնք կհաստատեին «ՎենյուԷրա Հոլդինգ»-ի կոնկրետ մասնակցությունը նշված երեք մարզադաշտերի նախագծման կամ կառուցման աշխատանքներին։ Միաժամանակ, սա չի բացառում ընկերության հնարավոր մասնակցությունն առանձին աշխատանքներին՝ որպես ենթակապալառու կամ խորհրդատու։

Factor.am-ը էլեկտրոնային նամակ է ուղարկել «ՎենյուԷրա Հոլդինգ»-ին՝ փորձելով պարզել, թե ինչ մասնակցություն է ունեցել ընկերությունը նշված երեք մարզադաշտերի նախագծման և շինարարության աշխատանքներում։ Պատասխան առայժմ չենք ստացել։

«ՎենյուԷրա Հոլդինգ»-ը (VenueERA Holding, s. r. o.) գրանցված է Սլովակիայում։ Իրավաբանական անձը գրանցվել է 2014 թվականի օգոստոսի 28-ին։

Ըստ Սլովակիայի արդարադատության նախարարության առևտրային տեղեկագրի՝ ընկերության մասնակիցները երեքն են՝ Մարեկ Ստրեմպեկը (Marek Strempek)՝ 33.36%, Նորբերտ Զատկոն (Norbert Zaťko)՝ 33.32%, և Պետեր Ստրեմպեկը (Peter Strempek)՝ 33.32% մասնակցությամբ։ Ընկերության գրանցված տնօրեններն են Մարեկ Ստրեմպեկը և Նորբերտ Զատկոն։

«ՎենյուԷրա Հոլդինգ»-ի բաժնետեր և տնօրեն Նորբերտ Զատկոն միաժամանակ կապված է սլովակյան ENGO, s.r.o. ընկերության հետ։ ENGO-ի պաշտոնական կայքում նա ներկայացված է որպես սեփականատեր և տնօրեն, իսկ Սլովակիայի հանրային հատվածի գործընկերների ռեգիստրում՝ որպես ընկերության իրական շահառուներից մեկը։

ENGO-ն զբաղվում է սպորտային ենթակառուցվածքներով, այդ թվում՝ ֆուտբոլային խաղադաշտերի կառուցմամբ, խոտածածկերի տեղադրմամբ և սպասարկմամբ։

Այս գործարար կապը հետաքրքրություն է ներկայացնում նաև Հայաստանում գործող «ԷՆԳՈ ԱՐՄ» ընկերության առկայության պատճառով։ «ԷՆԳՈ ԱՐՄ»-ն իր պաշտոնական կայքում ներկայանում է որպես միջազգային ENGO Group-ի դուստր ընկերություն։ Ըստ կայքի՝ հայկական գրասենյակը բացվել է 2025 թվականին։ Ընկերությունն առաջարկում է սպորտային ենթակառուցվածքների նախագծման, կառուցման, վերանորոգման և սպասարկման ծառայություններ։ «ԷՆԳՈ ԱՐՄ»-ի գործադիր տնօրենը Հեղինե Սիմոնյանն է, իսկ սեփականատերը՝ Նորբերտ Զատկոն։

«ԷՆԳՈ ԱՐՄ»-ի գործադիր տնօրեն Հեղինե Սիմոնյանը Factor.am-ին հայտնել է, որ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ում որևէ պաշտոն կամ իրավասություն չունի և, գտնվելով Հայաստանում, անհրաժեշտության դեպքում աջակցում է ընկերությանը տեղական շահառուների հետ հաղորդակցության ու համակարգման հարցերում։

Սիմոնյանի խոսքով՝ «ԷՆԳՈ ԱՐՄ»-ի՝ շինարարական աշխատանքներին հնարավոր մասնակցության վերաբերյալ որևէ քննարկում դեռ չի եղել, և ընկերությունն այս պահին որևէ ներգրավվածություն չունի։

***

Այսպիսով, մարզադաշտերի կառուցման ծրագրերը նախատեսված են 2029 թվականի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանն ընդառաջ։ Դրանց իրականացման ժամանակացույցի սղությունը Կառավարությունը բացատրում է շինարարության, փորձաքննությունների և միջազգային պահանջները բավարարելու համար անհրաժեշտ ժամանակով։

Սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեռևս 2024 թվականի հունիսին Կառավարությունը խոսում էր մարզադաշտերի կառուցման մասին։ Վանաձորի նախագծման պայմանագիրը կնքվել է 2025 թվականի նոյեմբերին, իսկ Գետահովիտինը՝ դրանից գրեթե ութ ամիս անց։

Երկու նախագծման գնումներն էլ ճանաչվել են անհետաձգելի և կազմակերպվել մեկ անձից։

Հետագայում Կառավարությունը նույն ընթացակարգն ընտրել է նաև շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար՝ նախընտրելով շինարարությունը նույնպես վստահել նույն ընկերությանը։

Մարիա Խաչատրյան