2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Առաջնությանը կմասնակցի 44 երկրի ավելի քան 600 մարզիկ։ Հայաստան կժամանի նաև պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչ։ Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է կայացվել 2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը հոկտեմբերի 9-17-ին անցկացնել Հայաստանում։ «Մուայթայը՝ որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև, օլիմպիական ընտանիքի մաս է կազմում։ Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունի՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր երկրի դերը միջազգային մարզական ասպարեզում։ Այս առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում և մեծ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, հայկական հյուրընկալությունն ու մուայթայի զարգացման նոր հեռանկարները»,- նշված է Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: