Պարականոն Ամեն օր լրահոսը մեծ աղմուկով պատմում է ընդդիմության ու իշխանության, մեծ ընդունելությունների ու համաժողովների, հնչեղ պաշտոնեական հանդիպումների մասին։ Լրահոսը լցված է ներերկրյա եւ արտերկրյա պաշտոնյաների դեմքերով, նրանց շքեղ հագուկապով, նրանց էլեգանտ ձեռքսեղմումներով։ Մեր լրատվամիջոցները չեն պատմում նոյեմբերի մեկից թանկացած անձնագիր (40 հազար դրամից ավելի՝ անձնագիր եւ մոտ 6 հազար դրամ՝ նույնականացման քարտ) գնելու ստիպված, մի կերպ ծայրը ծայրին հասցնող, ահագնացած չափերի գույքահարկ ու տուգանքներ մուծող հասարակ հայերի մասին, կամ պատմում են այն ժամանակ, երբ նրանք նետվում են կամուրջներից, մեքենայով գլորվում ձորը, տնազուրկ դառնում կամ բողոքում այս ու այն հարցով։ Բայց էկրանները նրանցո՛վ չեն լցված, այլ գերակշռությամբ միմյանց վիրավորող, միմյանց քննադատող, երեկվա նման երբեմն միմյանց ծեծող, թանկ կոստյումներով մարդկանցով, նրանց էկզոտիկ կամ պետականամետ մտքերով, միայն նրանց ներհատուկ, նրա՛նց տրված հայրենասիրական բառուբանով, երբեմն՝ անցենզուր արտահայտություններով։ Թե բա՝ երկու Հայաստան։ Է, զրո ժամից մեկ Հայաստան է եղել էկրաններին, պաշտոնյաների եւ քաղաքականների Հայաստանը, իսկ մյուս՝ լայն հանրության , հասարակ հայի Հայաստանը երբեք արժան չեն արել էկրաններին։ Ահա այս շաբաթ Հայաստանի քաղաքական հանրույթը զբաղված էր TRIPP-ով, Նիկոլ Փաշինյանի՝ նոր ընդդիմություն անհրաժեշտության վերաբերյալ մտքի զննմամբ, եւ իհարկե մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերլուծությամբ։ Անսպասելի ակտուալ դարձավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների չբացահայտման հարցը, որի ինտերպրետացիաները, առանձնապես ժամանակին զինդատախազ եւ գլխավոր դատախազ եղած Գագիկ Ջահանգիրյանի՝ լրատվամիջոցներից մի քանիսին նոր բացահայտումներ անելու մասով, մղում են մտածել, թե ինչ նպատակներ կան դրանց տակ, ինչ ենթատեքստ ունի այդ բոլորը, քանի որ մեր կարծիքով ո՛չ նախորդ բոլոր իշխանությունները, ո՛չ այս իշխանությունը քաղաքական կամք չեն ունեցել եւ չունեն՝ բացահայտելու պատվիրատուներին, որոնք կարող են լինել մի շարք երկրների հատուկ ծառայությունները։ Հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանն են ուզում գցել պատվիրատուների դերը եւ ի՞նչ աշխարհաքաղաքական նպատակով։ TRIPP– ը վավերացվեց Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի նախագիծն այլեւս վավերացված է (63 կողմ, 32 դեմ ձայներով), եւ մտահոգություններ նրա վերաբերյալ լինեն, թե ոչ՝ այն անցնելու է իրագործման նախապատրաստական, ապա գործնական փուլերով, եւ միայն այդ ժամանակ հասկանալի կդառնա, թե դրական կամ բացասական բացվածքի ի՞նչ նոր խնդիրների կամ առավելությունների ականատեսն ենք դառնալու։ Խորհրդարանում այս շաբաթ լիագումար նիստին նախագիծը քննարկվեց, ԱԳ եւ արտաքին առետրի նախարար Արարատ Միրզոյանը կրկին փորձեց փարատել ընդդիմության մտահոգությունները, որոնք, միեւնույն է, ավելի ուշ սոսկ քաղաքական մեծամասնության քվեով վավերացված նախագծի առումով կրկին արտահայտվեցին ու մնացին, առնվազն դրանց մի մասը. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասում էր՝ խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ TRIPP նախագծի վավերացումը նոր պահանջների դուռ է բացում Ադրբեջանի համար, կարող է առհասարակ խաղաղության պայմանագիր չստորագրվել՝ ճանապարհը ստանալուց հետո։ Ըստ նրա կուսակիցների էլ անհասկանալի էր, թե ինչպես է, որ Նախիջեւանն Ադրբեջանին կապելու նախագիծն ավելի կարեւոր , քան խաղաղության պայմանագիրը, ինչու չկան նախագծի , հատկապես Սյունիքով անցնող ճանապարհի պարամետրերը, կամ՝ TRIPP-ի վավերացմամբ փորձ է արվում խաղաղության պայմանագրի չստորագրման ձախողումը ծածկել, իսկ Ադրբեջանի համար էլ ջերմոցային պայմաններ են ստեղծվում։ Ընդդիմության «Հայաստան» խմբակցության թեւն էլ անորոշություններ էր տեսնում ծրագրին հատկացվելիք հողատարածքների, ծրագրի բաղադրիչների դետալայնացման, սահմանային եւ մաքսային հսկողության իրականացման, բեք օֆիս-ֆրոնտ օֆիս կառավարման անհասկանալի պահերի եւ այլ առումներով։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի TRIPP ին զուգահեռ՝ Արամ Վարդեւանյանի այս դիտարկմանը Արարատ Միրզոյանի պատասխանում նշվեց Ադրբեջանի պատկերացումը խաղաղության պայմանագրի հանդեպ, որ երբ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, իրենք կստորագրեն խաղաղության պայմանագիրը, իսկ դա, ըստ Միրզոյանի, ընդունելի չէ Հայաստանի համար։ Բայց այստեղ ընդգծենք Արարատ Միրզոյանի անսպասելի առաջարկն ընդդիմությանը՝ Աժ-կառավարություն հարցուպատասխանին, թե «մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձեւը քվեարկությունն է, ամեն ինչ փորձել եք, հետեւաբար ժողովրդի մոտ պետք է գնալ համաժողովրդական քվեարկության, դա արեք, ժողովուրդը «չէ» կասի Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք»։ Անսպասելի առաջարկ՝ հիշենք սա։ Մինչ այդ մի փաստ ֆիքսենք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ընդդիմադիր մեծ խմբակցությունը փորձեց հարցերը բացառապես Արարատ Միրզոյանին ուղղել՝ ստվերելով Փաշինյանին։ Ի՞նչ է տեղի ունենում, արդյոք Փաշինյանին ստվերելու մեծ խաղ կա՞, որից տեղյակ էր «Ուժեղ Հայաստանը», թե դա սոսկ այս խմբակցության նորամուծությունն էր։ Եւ ընդդիմությանն ուղղված Միրզոյանի առաջարկն ակնհայտորեն ինքնաբուխ էր, չհամաձայնեցված Փաշինյանի հետ։ Ինչ-որ բա»ն է փոխվել։ Սահմանադրության նախագիծը շուտով կհանձնվի հանրության դատին, տեսնես ընդդիմությունը կմտածի՞ Միրզոյանի առաջարկի մասին։ Վերադառնալով Փաշինյանին եւ նրա մեկ շաբա առաջվա օվերտոնային նոր բարձրաձայնումին, թե եթե նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հավանություն չստանա խորհրդարանում, նոր ընտրությունները չեն բացառվում, կամ Հայաստանում պետք է ձեւավորվի նոր պետականակենտրոն ընդդիմություն եւ պետք է արմատախիլ արվի, փաշինյանական ձեւակերպմամբ, լրտեսական ընդդիմությունը (չնայած Փաշինյանը չի մոռացել նշել, որ նոր ընդդիմության ձեւավորումը կառավարության գործը չէ), նկատենք, որ Միրզոյանի առաջարկն ընդդիմությանը բոլորովին այլ լույսի տակ կարելի է դիտարկել։ Պետականամետ ընդդիմության ստեղծման միտքը խորհրդարանում այս շաբաթ գեներացնել սկսեցին նաեւ Փաշինյանի կուսակիցները։ Նկատենք, որ վերջին երկու բարձրաձայնումները ուղղակի իրականության արձանագրում են, բայց չեն բացահայտում իշխանության իրական մտադրությունները։ Այո, խորհրդարանում իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց չենք կարծում, որ իշխանությունը խնդիր կունենա իրեն անհրաժեշտ վեց- յոթ քվեն ստանալու Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի քվեարկության դնելու առումով, Միրզոյանի առաջարկն էլ՝ վրադիր, քանզի ամեն ինչից երեւում է, որ բոլոր խոսելու հնարավորությունները ժամերով օգտագործող, խոսափողներին վրա տված ընդդիմադիր պատգամավորները, հատկապես «Ուժեղ Հայաստանի» դեպքում, ոչ մի կերպ այլեւս բաց չեն թողնի ԱԺ իրենց տաքուկ տեղերը, նոր ընտրությունները ձեռք չեն տալիս ոչ նրանց, ոչ իշխանությանը, համապետական նոր ընտրությունը տարբեր է 90 եւ ավելի տոկոս խփած ՏԻՄ ընտրությունից, եւ ոչ ոք այլեւս, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը վերջին խորհրդարանական ընտրությունների քվեների կեսն անգամ չի ստանա։ Այնպես որ՝ ընդդիմությունը պետք է ընդունի Միրզոյանի առաջարկը եւ նոր Սահմանադրությունը գործուղի հանրաքվեի՝ ուզի, թե չուզի։ Բայց ԱԺ-ում երեկվա ծեծկռտուքը, որը իշխանությունը նվազագույնը չզսպեց, ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, իշխանությունը ընդդիմության վերաբերմամբ այլ պլաններ ունի։ Նոր ընդդիմադիր ուժերի փաշինյանական տեսլականի մասով Վաղուց ու շատ անգամ ենք գրել, որ նոր ընդդիմության եւ իշխանության այլընտրանքի կարիք կա , այո, դա ճիշտ է, դա ընդամենն իրողության արձանագրում է։ Բայց դա գրելիս մենք միշտ նկատի ենք ունեցել ողջ քաղաքական դաշտը, ողջ մեր քաղաքական համակարգը, որն այդպես էլ չփոխվեց վերջին տարիներին ու մնաց նույն մի քանի թեւանի, կլանային-ֆինանսական-տնտեսական լծակատերերի սպասարկու համակարգը։ Տարիներ խոսում էինք նոր մարդկանց ու նոր համակարգի անհրաժեշտության մասին, բայց քանի որ տեսանք, թե այդ հնարավոր չէ, քանի որ առկա համակարգի թեւերը (իշխանական եւ ընդդիմադիր), որոնց ստվերային ղեկավարները առնվազն ընդդիմության մասով հին համակարգի տերերն են, նորերն էլ տեղավորվել են հին համակարգում, կլանում են բոլոր նոր ստեղծվող նախաձեռնություններն ու նախաձեռնողներին եւ թույլ չեն տալիս մեր քաղաքական համակարգի վերբեռնումը, մենք այլեւս այդ մասին չենք խոսում, այլեւս հույս չունենք, որ երբեւէ հնարավոր կլինի կոտրել համակարգը։ Ընդամենն այդ լծակների տիրապետողները կարող են հոսել-տեղափոխվել համակարգի ներսում մի թեւից մյուսը եւ դա միշտ անում են, բայց համակարգից դուրս նոր քաղաքական բեւեռների ձեւավորումը ոչ մի կերպ չեն թույլատրելու։ Արդ՝ ի՞նչ փոփոխությունից է խոսում Փաշինյանը, երբ իր իշխանությունն այդ համակարգի ներսում է, թող որ՝ համակարգի գլխավոր որոշողն է այս պահին։ Համակա՛րգը թույլ չի տալիս նոր ուժերի առաջացումը, իսկ արհեստական միավորների՝ գրպանի ընդդիմության ստեղծումը նույն վարքագծի կրկնությունն է, ինչ տարիներ ու տարբեր ժամանակներում արվել է՝ սատելիտ ուժերի ստեղծմամբ մեր կլանային քաղաքական համակարգը վերարտադրել է իրեն՝ ոչ մի ազատ, իրենցից չկախված խմբի կամ մարդու ճեղքերից էլ ներս չթողնելով, նոր-առողջ ուժերի ստեղծումն էլ տորպեդահարելով։ Եվ ՏԻՄ ընտրությունները դրա արտացոլանքն են, մարդիկ տեղերում միշտ, ճնշմամբ կամ կամավոր, ընտրում են իշխանությանը, քանի որ մտածողություն չի փոխվել։ Որքան կուզեք խոսեք ժողովրդավարական ընտրություններից, իննսուն եւ ավելի տոկոսով հաղթանակը նորմալ չէ, առողջ համակարգի մասին չի վկայում, եւ դա Փաշինյանը, իշխանականները գիտեն։ Մի խոսքով՝ իշխանության գործը չէ՛ նոր ուժերի ձեւավորումը , կամ ձեւավորմանն ուղղակի նպաստելը, իշխանությունն իր գործով թող զբաղվի՝ միայն չխանգարելով նոր միավորների ստեղծմանը, թողնելով, որ թթվածին մտնի քաղաքական համակարգի արդեն ելույթներումխեղդող տարածք (դուք միայն հինգշաբթի օրվա իրար գզող ԱԺ նիստը լսեք), որ նոր մարդիկ չվախենան ոչ իշխանության, ոչ առկա ընդդիմության բարոյական եւ մեխանիկական ճնշման մեթոդներից ու մեր խնդիրները նորովի լուծելու մոտիվացիա ունենան, այլ ոչ թե ինչ-որ փողի տոպրակի կամ իշխանության «դաբրոյի» նշմարին սպասեն։ Հավատացնում եմ, որ կան բազմաթիվ երիտասարդ մարդիկ, որոնք կուզեին մասնակցել երկրում բան փոխելու մեջ, բայց ոչ ներկա ընդդիմության եւ իշխանության կազմում։ Ի դեպ, երբ հինգշաբթի օրը մենք լուրջ-լուրջ այս հրապարարակումն էինք պատրաստում, Ազգային ժողովում մի չտեսնված ծեծկռտուք սկսվեց ՈւՀ-ի եւ ՔՊ-ի միջեւ, ՔՊ-ից Տարոն Չախոյանի՝ բարձր եւ կոշտ տոնայնությամբ ելույթի ընթացքում։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մոտ տասը րոպե տեւած ծեծկռտուքի ընթացքում այդպես էլ չհրավիրեց անվտանգությանը՝ կրքերը հանդարտեցնելու, հմայված հետեւելով ծեծկռտուքին։ Միգուցե սա պատասխանն էր մեկ օր առաջ «Ուժեղ Հայաստանի» այն ակցիային, երբ հարցերն ուղղում էին միայն Արարատ Միրզոյանին, նույնիսկ այն հարցերը, որոնք կառավարության ղեկավարի իրավասության շրջանակում էին, փորձելով անտեսել Նիկոլ Փաշինյանին։ Չգիտենք։ Ընդմիջում հայտարարելուց հետո ծեծկռտուքը շարունակվեց ԱԺ միջանցքում։ ԱԺ նիստը վերսկսելուց հետո ԱԺ նախագահը միջադեպի մեղավորությունը հասցեագրեց Նարեկ Կարապետյանին։ Իսկ ելույթներում ընդդիմության եւ իշխանության պատգամավորները միմյանց մեղադրեցին պլանավորված սադրանք իրականացնելու մեջ։ Դե հա, այսպիսի խայտառակ խորհրդարանը ճիշտ որ պահելու բան չէ։ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հ,Գ․ – «Դատապարտում եմ բռնությունը, սակայն աջակցում եմ ՔՊ-ի` այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ նա պետք է լկտիանա»․ սա ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքից հետո լրագրողների հետ ճեպազրույյցում։ Անձամբ ես երկրի ղեկավարից լրիվ այլ խոսքի էի սպասում։ Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով ․ https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ The post Վավերացված TRIPP եւ խայտառակ խորհրդարան appeared first on Ազգ .