Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության օրվա և Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի առիթով կազմակերպված՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ ընթրիքի ընթացքում»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Էրդողանը Թրամփին է փոխանցել ընթրիքին մասնակցող՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ողջույնները։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ գագաթնաժողովում կընդունվեն որոշումներ, որոնք կնպաստեն Թյուրքական պետությունների կազմակերպության առաջընթացին։ Նրա խոսքով՝ ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող կազմակերպությունը դարձել է Կենտրոնական Ասիայի կայունության և անվտանգության կենտրոն։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Թրամփն իր հերթին Էրդողանին հաջողություն է մաղթել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացման գործում։ Էրդողանի և Թրամփի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին։ Առաջնորդները քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը և Եմենի հարցը։