ArmLur.am -ը տեղեկացավ, որ ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլում, նոյեմբերի 29-ին ընտրություններ կանցկացվեն նաև Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում։ Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ամբողջական ցուցակը ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել, բայց Ամասիայում քաղաքական պատկերը արդեն պարզ է և ուշագրավ։ Ամասիայում ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են ՔՊ-ի ցուցակը գլխավորող ներկայիս համայնքապետ ու երբեմնի ընդդիմադիր Ջեմմա Հարությունյանը և 2022 թվականին ստեղծված «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին ՔՊ-ական Սամվել Ղարիբյանը։ Ամասիա համայնքի ներկայիս ղեկավար Ջեմմա Հարությունյանը ծնվել է 1980 թվականին, սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում և Կոմունիստական կուսակցության բարձրագույն դպրոցում։ Նա դեռ 1981 թվականից աշխատել է Ամասիայի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ամասիայի սպասարկման գրասենյակում։ Ամասիայի համայնքի ղեկավար Հարությունյանը ընտրվել է 2016 թվականին, ապա՝ վերընտրվել։ Բոլոր նախորդ ընտրություններին նա մասնակցել է անկուսակցկանի կարգավիճակով և ունեցել է ընդդիմադիր հայացքներ, բայց այս տարի հայտարարել է, որ անդամակցելու է ՔՊ-ին։ Մյուս կողմից ընտություններին մասնակցելու մասին հայտնել է նաև ՔՊ-ի Ամասիայի կառույցի նախկին ղեկավար Սամվել Ղարիբյանը։ Իր հայրենի ամասիայում ՔՊ-ի կողմից չառաջադրվելուց հետո Ղարիբյանը ֆեյբուքյան գրառմամբ հայտարարել էր կուսակցությունից դուրս գալու մասին։ Բայց Ղարիբյանը ՔՊ-ից շատ հեռու չգնաց․ նորահայտ «Բարոյական արժեքներ» կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը նախկին ՔՊ-ական է, ով 2023-ին լքել է իշխող թիմը, բայց բազմիցս սատարել է նույն իշխանությանը։ Սիմոն Պետրոսյանը նաև 2020 թվականից ի վեր պետական պաշտոնյա է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է։ Ստացվում է, որ նոյեմբերի 29-ին Ամասիայի ՏԻՄ ընտրույթունների ժամանակ միմյանց դեմ կպայքարեն նախկին ընդդիմադիր համայնքի ղեկավարը և նախկին ՔՊ-ական պաշտոնյան, ում կուսակցությունը շարունակում է սատարել իշխող կուսակցությանը։ Աննա Հանյան