COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ավստրիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պահպանության, տարածաշրջանների և ջրային տնտեսության դաշնային նախարար Նորբերտ Տոտշնիգի հետ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ-ը։ «Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանը հայ-ավստրիական համագործակցության ընդլայնման համար հեռանկարային է համարել կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և օդի որակի մոնիթորինգի ուղղությունները։ Այս ոլորտներում նա կարևորել է Ավստրիայի փորձի ուսումնասիրությունն ու մասնագիտական փոխանակումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով նախարարական մակարդակով աջակցությունը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու և համաձայնության հասնելու գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։