ArmLur.am -ի տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Նաիրի Զարյան 17/ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքում տեղի կունենա հանդիպում Արցախի պաշտոնյաների և Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ ArmLur.am -ի տեղեկություններով՝ հանդիպման օրակարգի հիմնական հարցերը վերաբերելու են Արցախի սառեցված ֆոնդերին և ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվողականությանը։ Նշենք, որ այս հարցերը երկար ժամանակ է՝ բարձրաձայնում են Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Խնդիրների շուրջ դժգոհություններ են հնչել, իսկ որոշ դեպքերում դրանք վերածվել են նաև բողոքի ակցիաների՝ Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց։ Ստեղծված իրավիճակում որոշում է կայացվել կազմակերպել հանդիպում-քննարկում, որի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան բարձրաձայնելու առկա խնդիրները և ստանալու հստակ պատասխաններ իրենց հուզող հարցերի վերաբերյալ։ Թե ինչ մթնոլորտում և ինչ ձևաչափով կանցնի հանդիպումը, ինչ հարցեր կբարձրացվեն և ինչ պատասխաններ կտրվեն՝ ArmLur.am-ը կհետևի զարգացումներին և հանրությանը կտեղեկացնի քննարկման արդյունքների մասին։ Նանիկ Աղասյան