Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության օրվա առթիվ տեսաուղերձով շնորհավորել է թուրք ժողովրդին։ «Փառք Աստծո, Թուրքիան այսօր ավելի ուժեղ է, քան երեկ։ Հուսով եմ՝ վաղն այն ավելի ուժեղ, ազդեցիկ և հեղինակավոր կլինի»,- ասել է Էրդողանը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 103-րդ տարեդարձի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը Հանրապետությունը բնութագրել է որպես թուրք ժողովրդի կամքի և ազատ ապրելու վճռականության ամենաուժեղ խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ Մուստաֆա Քեմալի գլխավորած ազգային-ազատագրական պայքարը, ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ միասնական ժողովուրդը նույնիսկ ամենածանր պայմաններում։ Էրդողանը նշել է, որ 103 տարի առաջ դրսևորված վճռականությունն այսօր էլ մնում է հիմնական ոգեշնչման աղբյուրը։ Երկրի ձեռքբերումների շարքում նա առանձնացրել է վերջին 24 տարիների առաջընթացը ռազմական արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և դիվանագիտության ոլորտներում։ Անդրադառնալով միջազգային իրավիճակին՝ նա կրկնել է Աթաթուրքին վերագրվող «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» (Yurtta sulh, cihanda sulh) կարգախոսը։ Սրանով նա վերահաստատել է խաղաղության ուղղությամբ ջանքերը շարունակելու Անկարայի պատրաստակամությունը։ Ուղերձի ավարտին Թուրքիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և նրա զինակիցներին։ Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 29-ին։ 1923 թ. այդ օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովը սահմանադրական փոփոխությամբ երկիրը հռչակեց հանրապետություն, իսկ Մուստաֆա Քեմալն ընտրվեց առաջին նախագահ։ Աղբյուր՝ TRT Haber The post Էրդողան․ «Թուրքիան այսօր ավելի ուժեղ է, քան երեկ» appeared first on Ermeni haber ajansı .