ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել Պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել կրթաթոշակների տրամադրման միասնական կարգ՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունը, սոցիալական վիճակը, ընտրած մասնագիտության կարևորությունը պետության համար, ինչպես նաև գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական գործունեության ընթացքում գրանցած ձեռքբերումները։ Առաջարկվում է սահմանել պետական կրթաթոշակների երեք տեսակ՝ ակադեմիական, սոցիալական և նպատակային, ինչպես նաև ուսանողների ձեռքբերումների համար պետական մրցանակներ։ Յուրաքանչյուր տեսակի համար կլինեն տրամադրման առանձին պայմաններ և չափանիշներ։ Իսկ պետական մրցանակները կտրամադրվեն գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական նշանակալի ձեռքբերումների համար։ Նախատեսվում է նաև հնարավորություն տալ ուսանողներին միաժամանակ ստանալու մեկից ավելի տեսակի կրթաթոշակ և/կամ մրցանակ, եթե նրանք բավարարում են սահմանված պայմաններին։ Այս մոտեցումը հնարավորություն կտա հաշվի առնել ուսանողի միաժամանակյա կարիքներն ու ձեռքբերումները՝ բացառելով այն մոտեցումը, երբ կրթաթոշակի մեկ տեսակ ստանալը ինքնին սահմանափակում է այլ տեսակի աջակցության հնարավորությունը։ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև պետական աջակցության տրամադրման պայմանների, շահառուների շրջանակի, վճարումների չափերի, համատեղման դեպքերի և ֆինանսավորման աղբյուրների միասնական կարգավորմամբ։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան պետական աջակցությունը տրամադրել սահմանված չափանիշներով, ապահովել գործընթացի թափանցիկությունը և բարձրացնել հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման արդյունավետությունը,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Կրթաթոշակներն ու պետական մրցանակները կֆինանսավորվեն պետական բյուջեից։ Ծախսերի չափը կախված կլինի կրթաթոշակների և մրցանակների չափերից, շահառուների թվից և աջակցության համատեղման հնարավորությունից։ Ըստ հիմնավորման՝ ն ախագծի ընդունումը կարող է պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր առաջացնել, որոնց ծավալը պետք է գնահատվի համապատասխան ֆինանսական հաշվարկներով։ Բուհերը կարող են նաև լրացուցիչ մրցանակներ, անվանակարգեր կամ հավելավճարներ սահմանել՝ դրանք ֆինանսավորելով սեփական միջոցներով, հովանավորների աջակցությամբ, դրամաշնորհներով կամ այլ աղբյուրներից։ Արդյունքում, ակնկալվում է ձևավորել պետական աջակցության համակարգ, որը միաժամանակ կխրախուսի ուսանողների առաջադիմությունը, կաջակցի կրթության հավասար հասանելիությանը, կարձագանքի պետության մասնագիտական պահանջարկին և կարժևորի ուսանողների նշանակալի ձեռքբերումները։ Լուսանկարը՝ pixabay.com-ից