Մասնագիտություն, որտեղ մեկտեղված են մասնագիտական ընդգրկուն գիտելիքներն ու հմտությունները և, որն ամենակարևորն է, անսահման մեծ սերն ու նվիրումը երեխաների նկատմամբ: Իրենց մասնագիտական գիտելիքներով և նվիրվածությամբ նրանք ամեն օր կրթում, դաստիարակում, փայփայում և պաշտպանում են երեխաներին՝ տալով ճիշտ դաստիարակություն, գիտելիքներ, հոգևոր արժեքներ, հետագա ուսումնառության համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ, նպաստում երեխայի անձի ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը, առողջության ամրապնդմանը, դպրոցական ուսումնառության նախապատրաստմանը: Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման օրինաչափությունները, առանձնահատկությունները, մեթոդներն է ուսումնասիրում նախադպրոցական մանկավարժությունը, որի կարևորությունը մեծ է յուրաքանչյուր երեխայի կյանքում: Մանկավարժական մտքի զարգացումն անցել է երկարատև ճանապարհ, այսօր էլ զարգանում է բուռն տեմպերով, որի կայացման գործում տարբեր դարաշրջաններում անգնահատելի մեծ և կարևոր գործունեություն են իրականացրել բազմաթիվ հումանիստներ, փիլիսոփաներ, մանկավարժներ: «Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Մանուկյանը: