ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի երեկոյեան ժամանել է Մոսկւա մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովին, որը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 27-ին։ Նախագահին ուղեկցում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մոսկւայի «Վնուկովօ» միջազգային օդակայանում Փեզեշքիանին դիմաւորել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրէյ Ռուդենկոն, եւ Մոսկւայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Նախագահին ուղեկցող պատւիրակութեանը մաս է կազմում նաեւ Իրանի նաւթի նախարարի պաշտօնակատար Համիդ Բորդը։ Ռուսաստանի հետ առաջիկայ բանակցութիւնների օրակարգում, ըստ Մոսկւայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի՝ նախապէս արւած յայտարարութեան, ընդգրկւած են նաեւ «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի, էներգետիկ եւ պարենային անվտանգութեան ու առեւտրային յարաբերութիւնների զարգացման հարցերը։ Փեզեշքիան-Պուտին հանդիպումը եւս լինելու է օրակարգի առանցքային հանդիպումներից: Իրանական եւ ռուսական կողմերի միջեւ բանակցութիւնների առանցքում են լինելու երկկողմ քաղաքական ու տնտեսական յարաբերութիւնների զարգացումը, էներգետիկ անվտանգութիւնը, ինչպէս նաեւ երկու երկրների միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագրի իրականացման ընթացքը։ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների զարգացման կարեւորութիւնը շեշտելով՝ Փեզեշքիանը Մոսկւա մեկնելուց առաջ յայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի եւ այլ երկրների հետ ձգտում է ամրապնդել բազմակողմանի համագործակցութիւնը եւ հակազդել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականութեանը։ Նրա խօսքով գագաթնաժողովում քննարկւելու են նաեւ էներգակիրների փոխադրման ուղիների անվտանգութեան ապահովման, առեւտրի ազատութեան եւ առկայ անապահովութեան վերացման հարցերը։