Հոկտեմբերի 20-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով։ Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մայիսի 1-ից։ ԿԲ-ի փոխանցմամբ՝ 2026թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակել է աճել՝ կազմելով շուրջ 87%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը մեծացել է՝ կազմելով մոտ 6.6 տոկոսային կետ։ Աճել է նաև ֆինանսական ցիկլի ինդեքսը՝ պայմանավորված անշարժ գույքի շուկայում ակտիվության աճով և վարկավորման բարձր աճի տեմպերի պահպանմամբ։ Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը պահպանվել է բարձր մակարդակում։ Վարկային շուկայում ակտիվությունը նախորդ եռամսյակի համեմատ էականորեն չի փոխվել։ Սպառողական վարկավորում Սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը պահպանվել են, թեև տարեսկզբի համեմատ նկատվում է որոշակի դանդաղում։ Անշարժ գույքի շուկա Անշարժ գույքի շուկայում նկատվում է ակտիվության աճ և միջին գների զգալի բարձրացում։ Միաժամանակ, տարեսկզբից արագացել են հիպոտեկային վարկերի աճի տեմպերը, իսկ շինարարության ոլորտում պահպանվել է վարկային բարձր ակտիվությունը։ Հիմնական ռիսկեր Վարկավորման բարձր աճի տեմպերի և անշարժ գույքի շուկայի ակտիվացման պայմաններում համակարգային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։