Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքների արձանագրությունների մշակումը։ Առաջին փուլում հաղթել է Իլիանա Յոտովան։ Սակայն նա չի ստացել ձայների ավելի քան 50 տոկոսը, իսկ ընտրողների մասնակցությունը նույնպես չի գերազանցել 50 տոկոսը, ուստի կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ բոլոր արձանագրությունների 100 տոկոսը մշակելուց հետո ստացված տվյալների համաձայն՝ նախագահի և փոխնախագահի թեկնածուներ Իլիանա Յոտովան և Կիրիլ Վըլչևը ստացել են ընտրողների ձայների 34,759 տոկոսը։ Նրանց օգտին քվեարկել է 528 հազար 929 մարդ։ Անդրեյ Գյուրովին և Գեորգի Կանդևին աջակցել է ընտրողների 31,952 տոկոսը՝ 486 հազար 214 մարդ։ Յոտովան և Վըլչևը հաղթել են երկրի 31 շրջանում, մինչդեռ Գյուրովն ու Կանդևը առավելություն են ունեցել չորս շրջանում, ինչպես նաև արտերկրում անցկացված քվեարկության ընթացքում։ Էքզիթփոլի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել՝ 22,5 տոկոս։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները երեք օր կունենան նախընտրական քարոզարշավ անցկացնելու և իրենց կողմնակիցներին մոբիլիզացնելու համար։ Ակնկալվում է, որ նրանք կմասնակցեն հեռուստաբանավեճերի։ Փորձագետների կարծիքով՝ բանավեճերը կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների վրա։ Երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 1-ին։