ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մեկնարկել են այսօր «Freedom Flag» երկշաբաթյա համատեղ ռազմաօդային զորավարժությունները: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերին:Զորավարժություններն անցկացվում են Կունսան ավիաբազայում, որը գտնվում է Սեուլից շուրջ 180 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Դրանցում ներգրավված են երկու երկրների մարտական ավիացիայի հիմնական ուժերը, այդ թվում՝ հարավկորեական F-15K, KF-16 և F-35A կործանիչները, KC-330 լիցքավորող ինքնաթիռները և E-737 Peace Eye հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ու կառավարման ինքնաթիռները:Զորավարժությունների խնդիրներից մեկը կլինի համատեղ ռազմական գործողություններն ինքնուրույն ծրագրելու և իրականացնելու Հարավային Կորեայի պատրաստվածության գնահատումը: Դա կապված է պատերազմական ժամանակաշրջանում զորքերի օպերատիվ վերահսկողությունը (OPCON) Սեուլին փոխանցելու նախապատրաստման հետ, ինչով ներկայումս զբաղվում է ԱՄՆ-ն:Հարավկորեական իշխանություններն ակնկալում են այդ լիազորությունները ստանալ մինչև 2030 թվականը կամ ավելի վաղ՝ միացյալ ուժերը (ներառյալ երկրում տեղակայված ամերիկյան ռազմական զորախումբը) ղեկավարելու կարողությունը հաստատելու պայմանով։Freedom Flag զորավարժություններն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ սկսած 2024 թվականից: Դրանք փոխարինում են Korea Flying Training և Vigilant Defense լայնածավալ համատեղ մանևրներին, որոնք նախկինում անցկացվում էին համապատասխանաբար տարվա առաջին և երկրորդ կեսերին: