Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ լրատվական ծառայությունից։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիմակայունության ամրապնդման, այդ թվում՝ առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական ապրանքների նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների մասին կարգավորման ընդունման միջոցով ընձեռնված հնարավորությունների լիարժեք իրացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդման և հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ հնարավոր քայլերի, Հայաստանի ներգրավածությամբ և Խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին,- ասված է հաղորդագրության մեջ։