2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 6.9%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալներից։ Տարվա առաջին ինն ամիսներին ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 24.9%։ Մասնագետները շինարարության աճը պայմանավորում են մեծ մասամբ եկամտային հարկի վերադարձի ծրագրի ժամկետներով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրան էապես նպաստել է նաև պետբյուջեի հաշվին կատարվող շինարարությունը։ Հաջորդում են ծառայությունները՝ 13% աճով։ Արդյունաբերությունն աճել է 5.8%-ով։ Ըստ առանձին ամիսների՝ արդյունաբերության ոլորտում օգոստոսին և սեպտեմբերին անկում է գրանցվել։ Քանի որ տվյալների բացվածքը դեռևս չկա, հստակ չի երևում, թե ինչի հաշվին է գրանցվել անկումը։ Ամենացածր աճն առևտրի շրջանառության ոլորտում է՝ 0.6%: Գյուղատնտեսության անկումը շարունակվում է․ ինն ամսում գրանցվել է 4.8% անկում։ Հայկական ծագման ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները լիարժեք փուլ մտան մայիսից: Մայիսին հայկական ծաղիկները վտանգավոր դարձան Ռուսաստանում, հետո հերթը հասավ մրգին, բանջարեղենին, հաջորդեցին գինին ու կոնյակի որոշ տեսակներ, չրերը և այլն։ Ահագնացան գազի գնի վերաբերյալ սպառնալիքները։ Այս իրավիճակը բացասաբար է ազդել նաև արտահանման վրա։ Ամսական կտրվածքով դիտարկելիս պարզ է դառնում, որ տարեսկզբի համեմատ տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Օրինակ՝ հունվարին այն կազմել է 6.9%, փետրվարին՝ 7.1%: Ամենաբարձր աճը գրանցվել է մայիսին։ Տես նաև՝