ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։Ասլանյանն ընդգծել է, որ իրարամերժ զգացողություններ ունի, որովհետև 5 տարի տևած դատական քաշքշուկները, նրա խոսքով, վերջապես ունեցան արդարացի եզրահանգում։ «Ամեն դեպքում սպասենք դատարանի որոշմանը` մեր հետագա գործողությունները հասկանալու համար»,– ասել է ԱԺ պատգամավորը։Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն քվեներ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, և համայնքի ղեկավար ընտրվեր, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Նա ազատ արձակվեց 2024 թվականի հուլիսին։Մամիկոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016-ից 2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հունվարին նրան մեղավոր ճանաչեց և 3 տարով զրկեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։