Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ հատվածում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի մեքենան․ հայտնում են Ոստիկանությունից։ Պարզվել է՝ Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը թմրանյութ էր օգտագործել, իսկ մեքենան գողացել էր Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում։ Պարեկները պարզել են, որ մեքենան պատկանում է Վերնաշեն գյուղի 35-ամյա բնակչին։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր ,- ասված է հայտարարության մեջ։