Ազգային ժողովի՝ Հայ առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հաստատեց իր աշխատակարգը։ Որոշմանն անհրաժեշտ էր հանձնաժողովի 11 անդամից առնվազն 6-ի կողմ ձայնը։ Աշխատակարգին կողմ քվեարկեց 6 անդամ։ Հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվեցին նաև հրավիրյալների հետ հանդիպումների անցկացման, նիստերի տևողության և արտահերթ նիստեր հրավիրելու ընթացակարգերը։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց, որ նիստի սկզբում յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել այն անցկացնել հատուկ ընթացակարգով։ Այդ դեպքում ժամանակային սահմանափակումները չեն գործի՝ հաշվի առնելով քննարկվող հարցի առանձնահատկությունները և լրացուցիչ հարցերի ու պարզաբանումների անհրաժեշտությունը։ Հատուկ ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշումը կընդունվի հանձնաժողովի քվեարկությամբ։ Քննարկվեց նաև փակ նիստեր անցկացնելու հարցը։ Նշվեց, որ եթե հրավիրյալը ցանկանա նիստն անցկացնել փակ ձևաչափով, հանձնաժողովի անդամները կարող են այդ հարցը քննարկման և քվեարկության դնել։ Անդրադառնալով հերթական և արտահերթ նիստերի հրավիրման կարգին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է դիմել հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովին՝ հերթական նիստ հրավիրելու առաջարկով։ Սակայն նման առաջարկի հիման վրա նիստ հրավիրելու հարցը կախված է հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշումից։ Ի տարբերություն դրա՝ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը, այսինքն՝ 11 անդամից երեքը, կարող է նախաձեռնություն ներկայացնել արտահերթ նիստ հրավիրելու համար։ Եթե առաջարկվող օրակարգը համապատասխանում է հանձնաժողովի իրավասությանը, նախագահը պարտավոր է հրավիրել նիստը։ Հանձնաժողովի անդամներից Ալխաս Ղազարյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեությունը պետք է ուղղված լինի Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը։ Հանձնաժողովի նախագահն իր հերթին ընդգծեց, որ մարմնի նպատակը խնդիրները վերհանելն ու դրանց հնարավոր լուծումներ առաջարկելն է, ոչ թե դատելն ու դատապարտելը։ Նրա խոսքով՝ արդեն իսկ նամակներ և հաղորդագրություններ են ստացվում տարբեր անձանցից, եկեղեցական սպասավորներից ու հավատացյալ քաղաքացիներից։ Հանձնաժողովը նախատեսում է հրապարակել էլեկտրոնային հասցե, որով քաղաքացիները կկարողանան ներկայացնել իրենց առաջարկները, տեղեկություններն ու գաղափարները։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան