Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցած համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանիներում։ Կուսակցության հրապարակած տվյալների համաձայն՝ մի շարք համայնքներում նախորդ ընտրությունների համեմատ արդյունքների աճ է արձանագրվել։ ArmLur.am -ի տեղեկություններով՝ Մեղրիում, որտեղ կուսակցության ցուցակը գլխավորում էր Արմեն Հայրապետյանը, «Ապրելու երկիրը» ստացել է 893 ձայն՝ քվեների 18,82 տոկոսը։ Դիլիջանում Վարդան Ավագյանի գլխավորած ուժը ստացել է 1027 ձայն՝ 16,24 տոկոս։ Արթիկում Արթուր Աստոյանի գլխավորած ցուցակը ստացել է 1545 ձայն՝ 8,84 տոկոս, իսկ Ջերմուկում Ազատ Հովակիմյանի գլխավորած ուժը՝ 203 ձայն՝ 7,20 տոկոս։ Գորիսում «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցությամբ «Ապրելու քվե» դաշինքը ստացել է 957 ձայն՝ քվեների 6,41 տոկոսը։ Մարտունիում կուսակցությունն արձանագրել է 878 ձայն՝ 4,81 տոկոս։ Միաժամանակ «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է ոչ միայն քվեարկության կազմակերպման խնդիրներով, այլև քաղաքական ճնշումներով։ Կուսակցության պնդմամբ՝ իրենց թիմակիցների և ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ եղել են բռնաճնշումներ ու ապօրինի ձերբակալություններ, լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը, իսկ ընտրողների նկատմամբ ճնշումները մրցակցող ուժերի համար ստեղծել են անհավասար պայմաններ։ Վիկտորյա Բուդաղյան